Բաղրամյանում տեղի ունեցած բախումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել


Բաղրամյանում տեղի ունեցած բախումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել
Հունիս 12 08:24 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրանում է 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակներ կիրառելու դեպքի 1 տարին, եւ մինչ օրս ոստիկանության պաշտոնյաներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու համար, փոխարենը, որպես մեղադրյալ, դատարանի առջեւ կանգնել են 16 ցուցարարներ։

 

Ինչպես հայտնի է, մեկ տարի առաջ այս օրը՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները փակ էին պահում Բաղրամյան պողոտան, իսկ ԱԺ-ում ընթանում էր Կառավարության հարցուպատասխանը, որին ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Բագրատ Սրբազանը կոչ արեց իր աջակիցներին շրջափակել ԱԺ շենքը եւ թույլ չտալ Փաշինյանին դուրս գալ այնտեղից։

 

Դրանից հետո իրավիճակը կտրուկ լարվեց։ Բախումների հետեւանքով վիրավորվեց 100-ից ավելի մարդ։ Լուսաձայնային նռնակի պայթյունից վիրավորված ցուցարարներից մեկի ձեռքը մինչեւ դաստակ ամպուտացվեց։ Ոստիկանությունը կիրառել էր «Զարյա» տեսակի առնվազն 20 լուսաձայնային նռնակ։ «Զարյա» նռնակների կիրառումը թույլատրելի է միայն բաց տեղանքում եւ մարդուց նվազագույնը 2.5 մետր հեռավորության վրա, մինչդեռ դրանք նետվում էին ուղիղ ցուցարարների վրա կամ ցուցարարների բազմության ուղղությամբ։ Վիրավորվեցին լրագրողներ, օպերատորներ, սակայն մինչ օրս կիրառած որեւէ նռնակի համար մեղադրյալ չկա։

 

Հունիսի 12-ին Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 16 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, այդ մասին հաղորդել էր Քննչական կոմիտեն, եւ գործը արդեն դատարանում է։

 

Իսկ ինչ է կատարվում ՀՀ քննչական կոմիտեում անջատված մասով. պարզվում է՝ մեկ տարի է քննությունը շարունակվում է, եւ մինչ օրս որեւէ պաշտոնյա պատասխանատվության չի կանչվել, եւ դատարանի դռներ են ընկել միայն հայրենիքի փրկության համար Բաղրամյան պողոտայում ցույց իրականացնող հասարակ քաղաքացիները»։