ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը պնդում է՝ այս բարդ տարածաշրջանում երկիրը ղեկավարելու համար պետք է շատ լավ հայ լինել ու իրականում սիրել հայրենիքը։ Նա մտահոգված է այս օրերին ազգային և հոգևոր արժեքների դեմ տարվող իշխանության պայքարով։
«Որպես հայ՝ ինձ համար տրամաբանական է, որ հայը պետք է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինի։ Բնականաբար, որևէ երևույթ, որևէ անձ, որը հակահայ ելույթ է ունենում կամ հակահայկական քայլերի է գնում, քարկոծում է եկեղեցին, կործանում է բանակը, քաղաքացիական պատերազմ է հրահրում, ինձ համար անընդունելի է ո՛չ միայն իր տեսակով, էությամբ, այլ նաև՝ շատ կարևոր է, որ նման անհայրենիքներին անհարիր լինի երկիր ղեկավարելը։
Ներկայիս իշխանության մասին նողկալի է խոսել։ Այն, որ թուրքն իմ թշնամին է, դա աքսիոմ է, պատմական փաստ է՝ թուրքը հայի թշնամին է, տոհմիս պատմությունը վկա, բայց որ քո երկրի մեջ քեզ իշխող ոհմակն այդքան հայատյաց ու հակաքրիստոնյա է, չի արժևորում հայ ու հայրենիք, դա է ողբերգությունը։
Նրանք կարծում են, թե նոր «արժեք» են կերտում, իմա՝ «նոր Հայաստան»-«նոր հայ», «կրթվելն էլ նորաձև է» բարբաջը հնչում է մատենադարանի դահլիճում, ուր հայի կրթված լինելու օրինաչափությունը փաստացի աղաղակում են դարերից եկող մագաղաթները։
Պատմության սխալներից դաս չքաղելն էլ փաստում է, որ իրենք լավ մոռացված անորակ հնություն են»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Շուշան Պետրոսյանը։
ՀՀ վաստակավոր արտիստի խոսքով՝ քաղաքացիական բախում հրահրող ցանկացած անձ շուտափույթ պետք է հեռանա իշխանությունից. «Ավելի հայատյաց ու մարդատյաց քայլ չեմ պատկերացնում»։
Հարցին՝ արդյոք քաղաքացիները կգնա՞ն Փաշինյանի հորդորի հետևից, Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, պատերազմից հետո դրա կողքին կանգնած որդեկորույս ծնողներին տեսնելուց հետո ես արդեն ամեն ինչի սպասում եմ, բայց ուզում եմ, այնուամենայնիվ, հույս փայփայել, որ եկեղեցու դեմ սրա վայրահաչոցները քաղաքացիները չեն հանդուրժի»։
Երգչուհու դիտարկմամբ՝ Փաշինյանի նպատակն անարժեք հայն է, անարժեք հայրենիքն է. «Նպատակը այն արժեքների ոտնահարումն է, որոնք շատ կարևոր են հայի համար՝ Հայ Առաքելական եկեղեցին, հայոց բանակը, հայ դպրոցը, հայ ընտանիքը, բարոյականությունը, անդավաճան տեսակը...Պետք է հայ երկրի ու հողի մշակ լինել, ոչ թե ինչ-որ ծրագրերով մանիպուլացնել հայրենակցիդ, դարձնել կառավարվող բիոմասսա և ատելություն սերմանելով՝ հային հայի դեմ հրահրել։
Երեկ ընկերներով խոսում էինք «սիրո և թավշյա հեղափոխության» մասին, թե ինչ ատելություն ու մահ բերեց դա՝ իր ոհմակով։ Ինձ համար սարսափելին իրեն հանդուրժող հայն է, որ դրա հեռանալուց հետո էլ պիտի մնա ու ապրի մեր կողքին։ Փոխանակ ամեն հնարավոր քայլերով հեռացնեն սրան, իրար մեջ խնդիրներ են ստեղծում ու հաշիվներ մաքրում։ Թիրախը մեկն է, անունն է՝ չարիք, անունը չտամ, հա՞… Եվ առհասարակ, ինձ համար անհասկանալի և անհանդուրժելի է, հատկապես պատերազմից հետո, իրեն վերընտրած հայը։ Ուղղակի որևէ կերպ չի մտնում իմ տրամաբանությանս մեջ»։
Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վիրավորական բառապաշարին, Շուշան Պետրոսյանը նշեց.«Ես շփվել եմ առաջին տիկնանց հետ և երբևէ ո՛չ տիկին Լյուդմիլայի, ո՛չ տիկին Բելլայի, ո՛չ տիկին Ռիտայի կողմից նման անպատկառ պահվածք չեմ տեսել։ Գիտեք, ինչ-որ սադիստական սառնասրտություն կա իր (Աննա Հակոբյանի-խմբ․) մեջ, այդպես կարող է վարվել միայն չկայացած մեկը, մարդատյացը, ու այդ ատելությունը կրկնապատկվում է, երբ իր թիրախում հայն է։ Իրար արժեն՝ մեկը մեկից հայատյաց, մեկը մեկից սատանայի ծառա։ Պա՞րզ չէ, որ պետք է հրահրեն ժողովրդին, որ դուրս գա եկեղեցու դեմ։ Ամեն ինչ այնքան օրինաչափ է։ Ինձ համար միայն օրինաչափ չէ մի բան՝ ինչպես են դրանք մինչև հիմա պաշտոնավարում։ Վիրավորակա՞ն չէ՝ ամեն առավոտ, երբ արթնանում ես ու հիշում, թե ով է քո ու երկրիդ, գոյությանդ կարգավիճակը որոշում ․․․ »։