Արցախի մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման լուրջ վտանգի առաջ


Արցախի մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման լուրջ վտանգի առաջ
Հունիս 3 19:35 2025

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․

«Ադրբեջանը տեղեկատվական հիմք է նախապատրաստում Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի քանդման համար։

Տարածվող քարոզչական նյութերում առաջարկվում է ոչնչացնել նշված եկեղեցիները և դրանց փոխարեն մզկիթներ կառուցել։ Հիշեցնենք, որ մինչ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը ևս շրջանառվում էին այդ եկեղեցու կա’մ քանդելու, կա’մ մզկիթի վերածելու առաջարկներ։

Սա կարող է վկայել նաև այն մասին, որ ադրբեջանական պետությունը , որը պետական բարձր խրախուսանքի արժանացրեց քնած հայ սպային դաժանորեն սպանած մարդանման հրեշին, նույն կերպ էլ բացառված չէ, որ պետական խրախուսանքի արժանացնի նաև հայկական որևէ հուշարձան պղծող շարքային քաղաքացիներին` այդպիսով Արցախի հայկական մշանութային ժառանգության ոչնչացման մեջ ներգրավելով ժողովրդին։

Այն , ինչը հայկական է, պատկանում է հայ մշակույթին, ենթակա է փոշիացման. այսպես է մտածում ու գործում ա’յն պետությունը , որի մեկ դար էլ չձգվող պատմությունը հնագույն քաղաքակրթությունները ոչնչացնելու պատմություն է։ Հիշենք նաև դեռ տարիներ առաջ Ջուղայի հայկական խաչքարերը ոչնչացնելու փաստը, որը ևս չի մոռացվել։ Ձեռագիրը նույնն է ու անփոփոխ։

Այս ամենը հստակորեն վկայում է, որ Արցախի մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման լուրջ վտանգի առաջ»։