Սինթետիկ թմրամիջոց իրացնող օտարերկրացիներ են Երևանում ձերբակալվել (տեսանյութ)


Սինթետիկ թմրամիջոց իրացնող օտարերկրացիներ են Երևանում ձերբակալվել (տեսանյութ)
Մայիս 26 11:04 2025

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա երկու քաղաքացի զբաղվում են թմրանյութի իրացմամբ և ներկա պահին գտնվում են Քաջազնունու և Զավարյան փողոցների խաչմերուկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ստացված տվյալներն արագ իրացվեցին: Ժամը 22.30-ին Քաջազնունու փողոցում նրանց ձերբակալելու պահին օտարերկրացիները փորձեցին դիմել փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվեց կանխել դա` նաև մոտակայքում գտնվող Ոստիկանության զորքերի մի զինծառայողի օգնությամբ:
27 և 26 տարեկան երիտասարդները տեղափոխվեցին Մարաշի բաժին: Խուզարկությամբ 27-ամյա երիտասարդի ուսապարկում հայտնաբերվեց մոտ 140 գրամ սպիտակ փոշենման զանգված՝ նախնական տվյալներով՝ առանձնապես խոշոր չափերով «PVP», նաև զիպ փականով 40 դատարկ փաթեթ ու էլեկտրական կշեռք։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: