«Հրապարակը» գրում է․ Հունիսի 5-ին Հայաստան կայցելի ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Չնայած ռուս բարձրաստիճան պաշտոնյան երկօրյա այցով է լինելու Հայաստանում, սակայն այցը բավականին հագեցած գրաֆիկով է անցնելու: Ուշագրավ է, որ նախատեսվող միջոցառումների կազմակերպման գործը հյուրընկալվող կողմն է իր վրա վերցրել։ Մենք տեղեկացանք, որ Հայաստանում ռուսական մի շարք կազմակերպությունների ՌԴ-ից շրջաբերական է իջեցվել, յուրաքանչյուրը մի միջոցառում կազմակերպելու հանձնառություն է ստանձնել։ Դիցուք, կլոր-սեղան քննարկումներ կլինեն՝ «Ռուս-հայկական հումանիտար համագործակցության զարգացման ուղղություններ, ռեսուրսներ», «ՌԴ-Հայաստանի մարզերի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության աճի տեմպերը» թեմաներով:
Կկայանան ռուս-հայկական գործարար խորհրդի ֆորումի լիագումար նիստ եւ նմանատիպ այլ քննարկումներ։ Ինչպես նաեւ Կապանում է միջոցառում սպասվում՝ Ռուսաստան-Հայաստան քույր քաղաքների միջեւ երկխոսության զարգացման թեմայով։ Հասկանալի է, թե ինչու է ընտրվել Կապանը, շուրջ երեք տարի է՝ ՌԴ-ն շահագրգռված է Կապանում հյուպատոսություն բացելու հարցում, սակայն մեր իշխանություններն ինչ-ինչ պատճառաբանություններով տորպեդահարում են այդ գործընթացը: Ամիսներ առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարեց, թե Մոսկվան ակնկալում է, որ մինչեւ մայիս հստակություն կլինի Հայաստանում հյուպատոսություն բացելու հարցում, սակայն մայիսի վերջին ենք մոտենում` դեռ չկա։ Երեկ Հայաստանում գտնվող Սերգեյ Լավրովն էլ անդրադարձավ թեմային, ասաց, որ հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, մինչդեռ մեր աղբյուրներն ասացին, որ առանձնապես աշխատանքներ չեն տարվում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22․ 05․ 25 թ համարում։