Կապանում ՌԴ հյուպատոսարան բացելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Լավրովը շնորհակալություն հայտնեց հայերին՝ հյուրընկալության համար


Կապանում ՌԴ հյուպատոսարան բացելու ուղղությամբ  աշխատանքներ են տարվում. Լավրովը շնորհակալություն հայտնեց հայերին՝ հյուրընկալության համար
Մայիս 21 13:20 2025

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի մեկնարկին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորովը շնորհակալություն հայտնեց հայերին՝ հյուրընկալության համար:

 «Մեր բանակցությունները տեղի են ունենում նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի պայմանավորվածություններին համահունչ: Նրանք պայմանավորվել են վերականգնել բոլոր ուղղություններով համագործակցության ռիթմը»,-ասաց նա:

Ռուս պաշտոնյան նշեց, որ այսօր Միրզոյանի հետ ստորագրել են խորհրդակցությունների ծրագիր:

«Ուզում եմ հայ ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնել Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին բարձր մակարդակով մասնակցելու համար և այն բանի համար, որ ՀՀ-ում, ինչպես և ՌԴ-ում հարգում և պահպանում են Մեծ հաղթանակի հիշատակը:

Այստեղ «Անմահ գնդի» երթ է եղել, տասնյակ այլ միջոցառումներ՝ ևս, որոնք թեմատիկ էին՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին: Մենք այս օրը սկսեցինք Անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով: Այս հանգամանքը ևս հաստատում է մեր հավատարմությունն անկախության, ազատության և խաղաղության արժեքներին, ինչը մեր հերոսական նախնիների շնորհիվ հնարավոր եղավ», -ընդգծեց ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:

 Լավրովը նաև տեղեկացրեց, որ Միրզոյանի հետ անդրադարձել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին, առևտրատնտեսական, անվտանգության հարցերին, դիվանագիտության ոլորտում համագործակցությանը.

«Կապանում ՌԴ հյուպատոսարան բացելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Շահագրգռված ենք նաև քաղաքների, շրջանների, մարզերի միջև եղբայրական կապերի խորացմամբ: Մենք պատրաստում ենք տարածաշրջանային ժողով, որը լրացուցիչ կամրապնդի մեր ռազմավարական գործընկերության հիմքը:

Այս ուղղությամբ մենք ռեկորդային ցուցանիշներ ենք արձանագրել առևտրատնտեսային ոլորտում։ Անցյալ տարի այն հասել է տպավորիչ արդյունքների՝ առևտրաարդյունաբերական ծավալը կազմելով 1.6 մլդ դոլար: Դա այսօրվա Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 1/3-ից ավելին է։ ՌԴ-ն մնում է ՀՀ-ի համար առաջին առևտրաներդրումային գործընկերը:

Ընդգծեցինք, որ երկկողմ առևտրի 96 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով՝ ռուբլիով և դրամով: Մենք ողջունեցինք ՀՀ իշխանությունների ջանքերը՝ ուղղված ռուսական գործարար շրջանակների օրինական շահերի պաշտպանությանը: Բարձր ենք գնահատում ռուս-հայկական միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը, որը տնտեսական  հարցերով է զբաղվում, աշխատում է ռիթմիկ: Հանձնաժողովի վերջին հանդիպումը եղել է Մոսկվայում»: