Նիկոլն ավելի շատ Արևմուտքից է վախենում, քան Ռուսաստանից, դրա համար էլ Արևմուտքին է ավելի շատ հաճոյանում. Միհրան Հակոբյան


Նիկոլն ավելի շատ Արևմուտքից է վախենում, քան Ռուսաստանից, դրա համար էլ Արևմուտքին է ավելի շատ հաճոյանում. Միհրան Հակոբյան
Մայիս 17 17:10 2025

Գոյություն ունի, այսպես կոչված, «կոնվենցիոնալ պատմության» տեսություն, համաձայն որի, պատմությունն անցյալի իրադարձությունների վերաբերյալ մերօրյա պայմանավորվածությունն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Այսինքն՝ էական չէ, թե ինչ է եղել անցյալում, էականն այն է, թե դրա վերաբերյալ ինչ կարծիքի շուրջ ենք պայմանավորվում: Հենց այս տեսությամբ է, որ պատմությունը քաղաքականացվում է և օգտագործվում որպես ներկայի քաղաքական գործընթացները հիմնավորելու և փաստարկելու միջոց:

Ասվածի լավագույն օրինակներից են Երկրորդ համաշխարհայինի պատմության ժամանակակից մեկնաբանությունները, երբ նախկին դաշնակիցները, ելնելով այսօրվա իրենց աշխարհաքաղաքական շահերից, պատմությունը մեկնաբանում ու քարոզում են այնպես, որ մրցակցին բարոյական վնաս հասցնեն: Ասենք՝ «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտի մասին հիշում են, իսկ «Մյունխենյան գործարքի» մասին՝ «մոռանում»:

Կամ գերմանական նացիզմի ու սովետական կոմունիզմի միջև հավասարության նշան են դնում, ինչը որևէ օբյեկտիվ քննության չի դիմանում, և ինչը նշանակում է, որ եթե մենք այս մոտեցումը կիսում ենք, ապա պետք է ասենք, որ եթե Ստալինն ու Հիտլերը նույնական չարիքներ են, ապա օրինակ՝ Ալեքսանդր Մյասնիկյանը և Գրիգոր Հարությունյանը նացիստ Գյորինգին ու Գեբելսին հավասար հանցագործներ են, ինչը ոչ թե աբսուրդ է, այլ անբարոյական ու լկտի սուտ:

Եթե ցանկանում ենք հասկանալ, թե ինչու է Նիկոլի քարոզչամեքենան աղավաղում Երկրորդ աշխարհամարտի պատմությունը, ապա գործընթացը պետք է դիտարկել «կոնվենցիոնալ պատմության» տեսության շրջանակներում: Ինչպես Ալբանիայում Նիկոլը Մակրոնի համար անձրևանոց էր պահում, նույն մոտիվացիայով ու նույն տրամաբանությամբ էլ Նիկոլը արևմտյան ուլտրալիբերալ շրջանակներին փորձում է ապացուցել, որ կիսում է պատմության վերաբերյալ նրանց տեսակետն ու մեկնաբանությունը: Նույն տրամաբանությամբ է ԱԺ ամբիոն բարձրանում տրանսգենդերը, և նույն տրամաբանությամբ է Հ1-ի եթերում մորուքավոր տղամարդ երգում՝ կանացի ազգային տարազով:

Այնուամենայնիվ, դժվար է միանշանակորեն պնդելը, որ Նիկոլը ցանկանում է փոխել հայերի պատմության ընկալումներն ու բարոյահոգեբանական կոդերը, որովհետև դա շատ բարդ խնդիր է: Համենայն դեպս Նիկոլը դրա համար համապատասխան ինտելեկտուալ ռեսուրսների չի տիրապետում՝ ոչ անձնապես, ոչ էլ թիմային-համակարգային: Բայց մի բան ակնհայտ է. «կոնվենցիոնալ պատմության» տեսության ճանապարհով Նիկոլն արևմտյան ուլտրալիբերալ շրջանակներին հաճոյանում է, ներկայանում է՝ որպես նրանցից մեկը:

Ինչի՞ մասին է սա վկայում. Նիկոլի գործողությունների հիմքում իշխանությունը կորցնելու վախն է, եթե կուզեք՝ անասնական վախը, և Նիկոլն ավելի շատ Արևմուտքից է վախենում, քան Ռուսաստանից: Դրա համար էլ Արևմուտքին է ավելի շատ հաճոյանում: Վախենում է, որովհետև իր աչքերով է տեսել, թե արևմտյան ֆինանսավորմամբ հայաստանյան ուլտրալիբերալ ցանցն ինչ մասշտաբի մասնակցություն է ունեցել 2018-ի հեղափոխության հասունացմանն ու իրականացմանը»,-գրել է նա։