Հենց կոռուպցիայից ես խոսում, իրենք ընկնում են հիստերիայի մեջ ու սկսում շեղել ուղղությունը. լրագրողներին ասաց ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Երբ խոսում ենք մանկապարտեզների կոռուպցիայից, իրենք ասում են՝ ակտերը չենք ստորագրել, հիմա անցել է 10 օր, մտեք քաղաքապետարանի այս շենքը և հարցրեք, թե ուր են ակտերը։ Պաշտոնապես դիմել եմ, առ այսօր չեն պատասխանել։ Ես վստահ եմ, որ 200 մլն և ավելի ծախսի տակ ստորագրել են»։
Մանուկյանը նշեց, որ երեկ ԱԺ-ում միջադեպի հետ կապված երկու պատգամավոր հստակ հարց են ուղղել Նիկոլ Փաշինյանին։ «Տեսաք՝ ինչ մեծ հիստերիա բարձրացավ։ Նիկոլ Փաշինյանը երեք անգամ ինքն իրեն հերքում է՝ ասում է, որ տեղյակ չի, հետո մանրամասն անդրադառնում է այդ թեմային, հետո ասում է՝ «ես պետք է չանեմ, պետք է Ավինյանը քայլեր անի»»,-նկատեց Մանուկյանը։
Նա նշեց, որ իրենց ներկայացրած մանկապարտեզն ու մսխված գումարները միակը չեն։ Շուտով շարք կներկայացնեն, «հանրությունն էլ կտեսնի, թե ինչ խայտառակ վիճակ է»։
«Ակհնայտ է, որ «Հանրապետություն» կուսակցության կեղծ ժողովրդավարները և ՔՊ-ն մի մարմին, մի հոգի են։ Մենք խոսում ենք կոռուպցիայից, իրենք ամբողջությամբ շեղում են՝ լրիվ այլ ուղղությամբ»։
Հարցին, թե իրենց ի՞նչ մեղադրանք է առաջադրվել՝ Մանուկյանը պատասխանեց․«Մարդուն ստորացնելու հետ կապված խուլիգանություն, որը դրսևորվել է տեխնոլոգիաներ կիրառելով։ Ես ենթադրյալ տուժողից և ենթադրյալ ստորացվողից պահանջելու եմ առերեսում։ Մենք թաղապետին մի օր ժամանակ էինք տվել, որպեսզի իր լկտի պահվածքի համար ներողություն խնդիրի, ինքը խուլիգանություն է անում, իսկ մերը քաղաքական ակցիա էր։ Մենք խուլիգանություն չենք անում, բայց մեզ որակում են ավելի ծանր մեղադրանք, քան այն մարդուն, որն արել է և՛ խուլիգանույթուն, և՛ խմբակային ծեծ, ընդ որում՝ կազմակերպված»,-ասաց նա։