Սերգեյ Կիրիենկոն ՌԴ նախագահի աշխատակազմում դարձել է Հայաստանի հետ հարաբերությունների համակարգողը


Սերգեյ Կիրիենկոն ՌԴ նախագահի աշխատակազմում դարձել է Հայաստանի հետ հարաբերությունների համակարգողը
Ապրիլ 30 17:08 2025

Կրեմլի ներքին քաղաքականության բլոկը նոր խնդիրներ ունի, պարզել է «Ведомости»-ն։ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և նրան ենթակա գերատեսչությունների աշխատակիցները սկսել են զբաղվել Հայաստանի թեմայով, «Ведомости»-ին հայտնել են չորս դաշնային պաշտոնյաներ և Պուտինի հետ աշխատող երկու աղբյուր։ Այս գործառույթը Կրեմլի ներքին քաղաքականության բլոկին է փոխանցվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակից։

 

Ավելի վաղ Կիրիենկոյին հանձնարարվել էին այլ աշխատանքներ՝ արտաքին ուղղությամբ։ Մասնավորապես, այժմ նա և իր աշխատակազմը պատասխանատու են Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի հետ աշխատանքի համար։ «Ամեն դեպքում, սա, առաջին հերթին, նշանակում է ՌԴ նախագահի շահերից ելնելով աշխատանք, քանի որ դա կապահովի պետական խնդիրների կատարումը», - ասել է «Ведомости»-ի զրուցակիցներից մեկը։

 

Հայաստանի հետ կապված իրավիճակում, այս փուլում, կիրականացվի տեղեկատվական, այլ ոչ թե ընտրական (էլեկտորալ) աշխատանք։ «ՀՀ ղեկավարությունը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք, ինչն անընդունելի է Ռուսաստանի պետական քաղաքականության տեսանկյունից», – ասել է «Ведомости»-ի աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով՝ դեռևս խոսք չկա Կիրիենկոյի՝ ԱՊՀ մյուս երկրներով (բացառությամբ՝ Հայաստանի և Մոլդովայի) զբաղվելու մասին։

 

«Ведомости»-ի աղբյուրներից մեկն էլ նշել է, որ Հայաստանում տեղեկատվական օրակարգի շուրջ աշխատանքներ են տարվում։ Նա հիշեցրել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականին։ 

 

Կիրիենկոյի խնդիրը կլինի մեղմ ուժի կիրառումը՝ Հայաստանում ռուսական շահերն առաջ մղելու համար։ «Նրանք կաշխատեն գրեթե նույն կերպ, ինչպես Աբխազիայում անցկացված վերջին ընտրությունների ժամանակ»։ Աղբյուրը ենթադրել է, որ Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, կհաղթի հաջորդ ընտրություններում. «Բայց հիմա խնդիրը ընտրությունները չեն, այլ Ռուսաստանի ներկայությունն այնտեղ։ Ներկայումս Հայաստանում ռուսամետ քաղաքական գործիչներ չկան, բացառությամբ նախորդների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի։ Հետևաբար, այնտեղ Ռուսաստանի անունից խոսող չկա»։