Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Ազատության հրապարակում հանդիպում է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ։
Խորհրդի անդամները տեղեկացրեցին, որ արցախցիների խնդիրների հարցով առաջարկություն ունեն, որը կներկայացնեն Արցախի նախագահին, և առաջիկայում խորհուրդը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ։
Սամվել Շահրամանյանը նշեց, որ աջակցում է այս նախաձեռնությանը, պարբերաբար հանդիպումներ է ունենում և տեղյակ է մանրամասն իրականացվող աշխատանքից։
«Իմ կողմից լիակատար աջակցություն կա, անկախ նրանից՝ դուք ինչ որոշում կկայացնեք։ Ես տեղյակ եմ, որ այդ ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից, ունեն բազմաթիվ խնդիրներ, նաև առիթ եմ ունեցել բնակարանային ծրագրի վերաբերյալ իմ դիրքորոշումն ասելու նախագծային փուլում, որ հենց սկզբից դա տապալված ծրագիր է, արցախցիները դրանից չեն օգտվելու, որովհետև լուրջ խնդիրներ ու հանգամանքներ կան, որոնք հաշվի չեն առնվել»,-ասաց նա։
Շահրամանյանն առաջարկեց նաև անհրաժեշտության դեպքում գրասենյակային պայմաներում աշխատել, պատրաստ են նաև ներկայացուցչության հնարավորություններն ապահովել։
Արցախի նախագահը նշեց, որ խորհրդից արցախցիների սպասելիքները մեծ են, իսկ հրատապը սոցիալական և հումանիտար հարցերն են։ «Տեղյակ եմ նաև, որ ՀՀ կառավարության կողմից առաջարկվել է ստեղծել համապատասխան խմբեր և աշխատանքներ իրականացնել, ինձ թվում է՝ դա պետք է իրականացվի, քանի որ այդ ծրագրերից է կախված մեր բնակչության և արցախցիների հետագա ինտեգրումը և արժանապատիվ ապրելը»,-ասաց նա։