Եվրամիության (ԵՄ) երկրների արտգործնախարարներն Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին, փոխանցում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը, որը ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ներկայացրել էր ԵՄ խորհրդին անցած ամիս։
Սակայն Ադրբեջանի նախագահի հետ սերտ հարաբերություններով հայտնի Հունգարիան, օգտվելով վետոյի իր իրավունքից, արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է որոշումը, հայտնում են «Ազատության» աղբյուրները։
Բուդապեշտը նույն կերպ էր վարվել նաև անցած տարի, երբ Եվրամիությունը առաջին անգամ սկսեց քննարկել Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո տրամադրելու հարցը։ Այն ժամանակ Բուդապեշտը պահանջել էր, որ ծրագրում նաև Ադրբեջանը ներառվի։ Շաբաթներ շարունակված դռնփակ բանակցություններից հետո, սակայն, եվրոպացի դիվանագետներին հաջողվել էր հաղթահարել Բուդապեշտի դիմակայությունը:
«Այսօրվա բանակցություններից հետո դեռ որևէ առաջընթաց չի արձանագրվել», - հաղորդում են «Ազատության» աղբյուրները։