«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «Քաղաքացիների 98%-ը շարունակում է հայտարարագիր չլրացնել։ Չնայած Նիկոլ Փաշինյանի ջանքերին, ով անդադար հայտարարագրման մասին է խոսում, ՊԵԿ աշխատակիցներին աշխատանքից կտրում, ուղարկում է հայտարարագրման քարոզի, ամբողջ օրը հեռուստատեսությամբ ու ռադիոյով գովազդ է իրականացնում, քաղաքացիները շարունակում են հայտարարագիր չլրացնել։
Եվ սա այն դեպքում, որ հնարավոր է 100.000 դրամ փոխհատուցում ստանալ։ Սա հստակ խոսում է իշխանության նկատմամբ տոտալ անվստահության մասին։ Մարդիկ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն խորանում իշխանության կողմից կատարվող ռեֆորմի դետալների, դրական և բացասական կողմերի մեջ, այլ ուղղակի մերժում են այն՝ որպես անվստահության հետևանք։ Ընդհանրապես, գործող իշխանության նկատմամբ առկա է վստահության խորը դեֆիցիտ՝ ցանկացած գործընթաց, ցանկացած ռեֆորմ, ցանկացած որոշում մարդկանց մոտ կասկած է առաջացնում, որ այն ունենալու է բացասական հետևանք քաղաքացիների և պետության համար։
Իսկ պատճառը պարզ է՝ այս իշխանությունը սպառել է հասարակության մոտ վստահության չափաբաժինը, և այլևս կարևոր չէ, թե ինչ է արվում, ինչ է ասվում, ուղղակի չեն վստահում։ Չնայած, յոթ տարի նույն դասարանում մնացածին ո՞նց վստահեն։ Նոր իշխանության թիվ մեկ գործոնը պետք է լինի պատասխանատվությունը՝ պատասխանատվություն ասված խոսքի, տված խոստման նկատմամբ, պատասխանատվություն հայրենիքի և քաղաքացու նկատմամբ»։