Փողոց փակելն ընդամենը նախազգուշական քայլ էր, մեր քայլերը լինելու են հաջորդական, մենք մինչև չստանանք մեր հարցի ռեալ և խելամիտ պատասխանը, ճանապարհի երթեւեկությունը ընդհանրապես կդադարեցվի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Քասախի բնակիչներից Արթուր Մարտանյանը, ով ավագանու նախկին անդամ է՝ անդրադառնալով նրան, որ ընդամենը 5 րոպեով ճանապարհը փակեցին, ապա արագ բացեցին:
Նշենք, որ քասախցիները պահանջում են վերականգնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երեւանին: Նրանք ժամանակ առ ժամանակ փակում են Երեւան-Աշտարակ մայրուղին, սական ոստիկաններին հաջողվում է բացել այն:
Արագածոտնի մարզպետն առաջարկել է ժամը 10:30 հանդիպել, բայց քասախցիները հրաժարվում են մարզպետարան գնալ, ասում են՝ թող ինքը գա մեզ հետ այստեղ հանդիպի:
«Դա ընդամենը նախազգուշական քայլ էր։ Մենք սպասում ենք, պատկան մարմինների արձագանքին։ Կսպասենք 5-10 րոպե, դրանից հետո գուցե փողոց ենք փակելու, գուցե հացադուլ ենք հայտարարելու: Մենք ունենք հաջորդական քայլեր, որոնք շատ հստակ են, շատ կարևոր, շատ կոշտ: Ամեն ուշացման դեպքում մեր քայլերը կլինեն ավելի կոշտ»,-ասաց նա:
Քասախի բնակիչը հայտարարեց, որ իրենք մարզպետին այստեղ են սպասում և պատրաստ չեն գնալ հասնել Եղվարդ՝ հանդիպելու համար. «Ով ինձ ներկայացրել է, որ մարզպետը նման հրավեր է արել, ես այդ նույն մարդու միջոցով փոխանցել եմ նաև իմ կարծիքը:
Փողոփ փակելը Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրինական որոշումն է, դա օրինական է, մեր հարցի լուծում չստանալը մեզ ստիպել է մենք գնանք ծայրահեղ քայլերի»:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բողոքի ակցիաները սկիզբ էին առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։