«Ես նրան ասել եմ` դու դու ես, սա էլ քո Ֆեյսբուքն է»․ Հանրային ռադիոյի տնօրենը չի ցանկանում մեկնաբանել կնոջ վիրավորական գրառումն արցախցիների մասին


«Ես նրան ասել եմ` դու դու ես, սա էլ քո Ֆեյսբուքն է»․ Հանրային ռադիոյի տնօրենը չի ցանկանում մեկնաբանել կնոջ վիրավորական գրառումն արցախցիների մասին
Ապրիլ 1 18:09 2025

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է, որ չի կարդում կնոջ ֆեյսբուքյան գրառումները և ընդհանրապես չի ցանկանում մեկնաբանել դրանք։ 

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է Քոլոյանի կնոջ` Շուշան Ղազարյանի գրառումը, որտեղ նա վիրավորական արտահայտություններ է գրել արցախցիների հասցեին։

«Ես չեմ մեկնաբանում ուրիշների ստատուսը. մարդ ու կին՝ մի մարմին, բայց ոչ մի «Ֆեյսբուք»։ Ես բոլորովին հավես չունեմ. Արմեն Քոլոյանի կինն այնքանով է անկախ, որ անկախ է նաև Արմեն Քոլոյանից։ Ես ո՛չ կարդում եմ իմ կնոջ գրածները, ո՛չ ուզում եմ կարդալ, ոչ էլ ուզում եմ ինքս դրա շուրջ մտածել։ Սա այն դեպքն է, որ ոչ վերահսկվող, բնական ուժերի հետ ոչ մի առնչություն չունեմ։ Ես ոչ կապ ունեմ, ոչ էլ ուզում եմ կապ ունենալ, ոչ ուզեցել եմ կապ ունենալ, ոչ էլ կարդում եմ։ «Ֆեյսբուք» ես մտնում եմ երևի տարին մի 4 անգամ»,- ասել է Քոլոյանը։

Նա վստահեցրել է, որ նույնիսկ չգիտի` կինն ինչ է գրել։   Դիտարկմանը, որ արցախցիներին է թիրախավորել,  արձագանքել է. «Գիտեմ, գիտեմ, ինչ-որ մարդիկ նեղացել են, սակայն ես ասում եմ` տեղյակ չեմ` նա ինչ է գրել։ Ես չեմ բացառում, որ ինքը, լինելով շատ ինքնուրույն անձնավորություն, կարող է գրի մի բան, որ մարդկանց դուրը չգա։ Ու ինձ մի ասեք` նա ինչ է գրել, քանի որ չեմ էլ ուզում իմանալ այդ մասին։ Ոչ թե դա ինձ չի հետաքրքրում, այլ ես դա չեմ ուզում իմանալ։ Ես նրան ասել եմ` դու դու ես, սա էլ քո «Ֆեյսբուքն» է»։

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն ավելացրել է, որ այս հարցով իրենք դադարել են վիճել. կինն ինչ ուզում, գրում է, իսկ ինքն էլ իրավունք ունի դա չկարդալ։