Չինաստանում կառուցվում է տխրահռչակ «Տիտանիկ» նավի իրական չափերի կրկնօրինակը, որն արդեն կիսով չափ պատրաստ է:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, շինարարներն օրուգիշեր աշխատում են 140 մլն դոլարանոց նախագծի վրա, որը պատրաստ լինելուց հետո պետք է դառնա զբոսաշրջային ատրակցիոն:
Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ նախագծի՝ նավի կառուցումը պետք է ավարտվի մինչև տարեվերջ: Պատրաստ լինելուց հետո այն կլինի 1912թ. մոտ 1.500 մարդու մահվան պատճառ դարձած շքեղ «Տիտանիկ»-ի ճշգրիտ կրկնօրինակը:
Այն կտեղադրվի Սիչուան նահանգի ահռելի թեմատիկ այգում: Հայտնի է, որ նավը կունենա 270մ երկարություն, 28մ լայնություն ու կլինի ջրի մեջ:
Աղբյուրը հավելում է, որ չինական «Տիտանիկն» օրիգինալ նավին նման կլինի ոչ միայն արտաքուստ, այլև ներքին նախագծով, հարդարմամբ ու ճաշացանկով: