Երևանում քաղաքացին երեք արջի հետ փակվել էր տանը․ FPWC


Երևանում քաղաքացին երեք արջի հետ փակվել էր տանը․ FPWC
Մարտ 25 23:57 2025

Մի ամբողջ օրվա լարված ջանքերի արդյունքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ՀՀ ՆԳՆ և մի շարք կառույցների հետ համատեղ կարողացավ փրկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքում տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվող երեք գորշ արջի, որոնք ուշ գիշերով տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC)։

Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։

Քաղաքացին երկար տարիների ընթացքում իր սեփական տարածքում՝ բնակելի շենքերով, մանկապարտեզներով և դպրոցներով շրջապատված բակում, անազատ պայմաններում պահել է գորշ արջերի: Սկզբնապես երկու կենդանիներ են եղել, որոնք հետագայում դարձել են չորսը: Սիլիկյան թաղամասում պահվող այս կենդանիներից մեկն արդեն իսկ փրկվել էր և տեղափոխվել էր Վայրի կենդանիների փրկարար կենտրոն: 

Առավոտյան ժամերից մինչև ուշ գիշեր FPWC թիմը, Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) ներկայացուցիչները, Մալթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության և ՇՄՆ աշխատակիցները, ոստիկանները, փրկարարները, կենդանասերները և լրագրողները անձրևի տակ հսկողություն էին իրականացնում Սվաճյան փողոցում։ Կենդանիների տերը փակվել էր տանը՝ մերժելով բացել դուռը ոստիկանության առջև և հերքելով, որ արջերը պահվում են անբարենպաստ պայմաններում։  

Միայն դատարանի որոշմամբ ձեռք բերված թույլտվության և ժամեր տևած բանակցությունների արդյունքում թիմը կարողացավ մուտք գործել տարածք և գործի անցնել։ Սա ավարտին հասցրեց դեռևս 2019թ.-ից քաղաքացիների ահազանգերով սկիզբ առած պայքարը, որի նպատակն էր ազատել ինչպես արջերին, այնպես էլ վերացնել բնակելի թաղամասում մանկապարտեզներից և դպրոցներից ոչ հեռու գտնվող վտանգավոր իրավիճակը։ 

Գործողությանը մասնակցել են նաև կենդանասերների համայնքի ներկայացուցիչներ, որոնք մտահոգված էին կենդանիների ճակատագրով: Հիմնադրամի գործընկեր՝ Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հիմնադիր Ալան Նայթը և աշխատակից Էյդան Սիրսը հատուկ ժամանել էին Հայաստան՝ մասնակցելու արջերի փրկությանը:

Նախնական զննությամբ պարզվել է, որ արու արջը չափազանց ճարպակալած է (մոտ 300 կգ) և ատամների մեծ մասը կոտրված ու վնասված է։ Մյուս երկու առանձնյակները էգեր են, որոնցից մեկը ծնվել է հենց այդ նույն նեղ ու կեղտոտ վանդակում, որտեղ էլ ապրել է ողջ կյանքում։ Կենդանիները գտնվել են ծայրահեղ անբարենպաստ պայմաններում՝ զրկված մասնագիտական խնամքից, համապատասխան սննդից և անհրաժեշտ կենսապայմաններից: Նրանք պահվել են ինքնաշեն վանդակներում, որոնց անվտանգության պայմանները չէին բացառում կենդանիների փախուստի հնարավորությունը՝ ստեղծելով լուրջ վտանգ շրջակա բնակիչների համար: 

Այժմ արջերը տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ կստանան մասնագիտական խնամք և բուժօգնություն։ Արու առանձնյակի համար պլանավորվում է հատուկ ատամնաբուժական վիրահատություն՝ նրան ցավերից ազատելու և ուտելու կարողությունը հնարավորինս վերականգնելու նպատակով։ 

FPWC-ն հորդորում է քաղաքացիներին շարունակել զգոն լինել և անմիջապես հայտնել վայրի կենդանիների անօրինական պահման կամ վատ վերաբերմունքի դեպքերի մասին:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) առաջատար բնապահպանական կազմակերպություն է Հայաստանում: Հիմնադրամի կողմից և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության աջակցությամբ ստեղծված Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) եզակի հաստատություն է, որն ապահովում է վտանգված և փրկված կենդանիների պահպանությունն ու խնամքը: Կենտրոնի հիմնման օրվանից մի քանի տասնյակ արջեր փրկվել և ապաստան են գտել այստեղ՝ ազատվելով ռեստորանների, բենզալցակայանների, ավտոկայանների և այլ մասնավոր անբարենպաստ պայմաններից: Կենտրոնում կենդանիներն ստանում են մասնագիտական խնամք, հատուկ մշակված սննդակարգ և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն՝ ներառյալ ձմեռման նախապատրաստական աշխատանքները:

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR) համաշխարհային ճանաչում ունեցող կառույց է, որը մասնագիտացած է վայրի կենդանիների փրկության և վերականգնման ոլորտում: Հայաստանում IAR-ը FPWC-ի ռազմավարական գործընկերն է՝ համատեղ իրականացնելով Արջերի փրկության ծրագիրը: