Մարտի 30-ին Գյումրիում կայանալու են քաղաքապետի ընտրությունները և ես զարմանում եմ, որ այնտեղ կարող է հաղթել ՔՊ-ն (Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը). այս մասին ֆեյսբուքյան ուղերձում ասել է դերասան Լևոն Հարությունը:
«ՔՊ ասելիս ձեռքերս թուլանում են, ՔՊ ասելիս ուղեղս մթագնում է, և եթե ՔՊ-ն Գյումրիում գա իշխանության, բոլորիս ուղեղն է մթագնելու, որովհետև այս մարդիկ 7 տարի շարունակ ղեկավարել են երկիրը, բայց Գյումրու համար որևէ բան չեն արել՝ չնայած նախկիններն էլ չեն արել... Նրանք 7 տարի ղեկավարել են, բայց միայն մի երգ ունեն՝ նախկինները», - նշել է դերասանը:
Այնուհետև նա անդրադարձել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին:
«Ուզղում եմ դիմել Սարիկին, որը ՔՊ-ի թեկնածուն է: Սարի՛կ, դու թասիբով գյումրեցի էիր, քաղաքի համար ահագին բան ես արել, Գյումրին քեզ սիրում էր, լուրջ դու 30 արծաթով ծախվեցի՞ր: Այդ 30 արծաթը քո համար այդքան թա՞նկ էր», - նշել է դերասանը:
Նա թեկնածուիներին կոչ է արել միանալ:
«Եթե այսօր ՔՊ-ի ձեռքը չկտրենք, դրանք Սահմանադրությանն են հասնելու... Գյումրեցիներ, ձեզ մոտից սկսվել է (նկատի ունի 2018-ին Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների քայլերթը Երևան-Խմբ.), ձեզ մոտ էլ պիտի վերջանա: Սա ամենալավ հնարավորությունն է ՔՊ-ն մեր կյանքից հանելու համար: Եթե ՔՊ-ն ընտրվեց Գյումրիում, մենք թերթելու ենք մեր հաջորդ ոչ պատվավոր էջը: Ձեզնից շատ բան է կախված, օրինակ ծառայեք մյուս մարզերին», - նշել է Լևոն Հարությունյանը: