«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հարգելի քաղաքացիներ,
Հայաստանի պատմության թանգարանում Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն ցուցադրությունը, որի շրջանակներում կարող եք դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։
Հիշեցնեմ, որ մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով և քանի որ առաջիկա շաբաթն արձակուրդային է, հուսամ կհասցնեք բոլորդ այցելել թանգարան։
Այսօրվանից նաև թատերական շաբաթն է մեկնարկում, որին միացել են գրեթե բոլոր թատրոնները՝ հետաքրքիր ծրագրերով՝ դերասանների հետ հանդիպումներով, քննարկումներով, ետնաբեմ այցելություններով։ Ամբողջական ծրագիրը կտեղադրեմ մեկնաբանության մեջ։ Արձակուրդներն անցկացնենք մշակութային կրթությամբ»,-գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք՝ 2024 թվականի սեպտեմբերի 21-ից 6 ամիս շարունակ արվեստի հազվագյուտ նմուշը ցուցադրվելու է Հայաստանի պատմության թանգարանում։
Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 15 մլն 693 հազար դրամ էր հատկացրել ժամանակավոր ցուցադրության կազմակերպման համար: