ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Հաջողակ կարիերայի բանաձևը» խորագրով պանելային քննարկմանը, որը վարել է ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը:
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքային հեռանկարի և մասնագիտական հաջողության վերաբերյալ քննարկումներում ուսանողների կողմից բարձրացված հարցադրումներին արձագանքելն ու երկխոսության ծավալումը:
Ինչպիսի՞ կրթությունը կարող է նպաստել մասնագիտական զարգացմանն ու կարիերայի առաջընթացին
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթության համակարգում փոփոխություններն ահռելի են, և ամբողջ աշխարհում այս համակարգը կանգնած է վերաիմաստավորման խնդրի առաջ: Մասնավորապես՝ բազմաթիվ վերլուծություններ կան, թե տեխնոլոգիական զարգացման միտումների համատեքստում ինչպես է փոխվում մասնագիտությունների ցանկը: Ըստ այդմ՝ որոշ մասնագիտություններ արդեն արդիական չեն, ինչը, նախարարի գնահատմամբ, շատ լուրջ մարտահրավեր է բուհական համակարգի համար:
«Կարծում եմ՝ պետք է վերափոխենք կրթությունը ստանալու մեր հարացույցը: Պետք է ավելի շատ շեշտադրում անել հմտությունների ձևավորման, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և անհրաժեշտ գիտելիքներ ձեռքբերելու ուղղությամբ: Այս հանգամանքով պայմանավորված` կրթության ոլորտի բարեփոխումներում առանցքային նշանակություն է տրվում կարողունակությունների ձևավորմանը, որոնցից ամենակարևորը սովորել սովորելու կարողունակությունն է: Այսինքն` պետք է ցանկացած իրավիճակում հասկանալ, թե որտեղ ու ինչպես փնտրել, ինչպես և ինչ նոր գիտելիք ստանալ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ կարևոր է նաև ընդունել, որ կրթության գործընթացն երբեք չի ավարտվում, այլ անընդհատ շարունակվում է:
«Պետք է ընդունել, որ որոշ իրավիճակներում մենք ամեն ինչ չէ, որ գիտենք: Երբ կարողանում ենք ընդունել այս իրողությունը, նաև լուծումների ճանապարհն ենք գտնում: Մեր ժամանակների կարևորագույն հարցերից մեկն էլ աշխատանքի և կյանքի հավասարակշռումն է: Պետք է յուրաքանչյուրս հասկանանք, թե որն է մեզ համար լավագույն հավասարակշռությունը, և ինչպես պետք է համատեղել աշխատանքային առաջընթացը կյանքի մյուս նպատակների հետ: Սա, ամենևին, հեշտ հարց չէ, բայց կարծում եմ՝ լավագույն լուծումներից մեկը սիրած աշխատանքով զբաղվելն է: Պետք է կատարել այն աշխատանքը, որը սիրում եք, որից հաճույք եք ստանում»,- դիմելով ուսանողներին՝ ասել է նախարարը:
Պանելային քննարկման մյուս բանախոսները ևս կարևորել են հիմնարար պատրաստվածությունը:
Ոչ ֆորմալ կրթությունը փոխլրացնո՞ւմ է ակադեմիական կրթությանը
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ ակադեմիական կրթության և տարատեսակ հմտություններին ուղղված կրթության հարաբերակցությունը ժամանակի ամենաթեժ բանավեճերից է: ԿԳՄՍ նախարարը, այդուհանդերձ, ընդգծում է՝ երկընտրանքն արդեն իսկ սխալ է:
«Կարծում եմ՝ ակադեմիական կրթությունը և ոչ ֆորմալ կրթությունը ոչ թե պետք է մեկը մյուսին բացառեն, այլ՝ լրացնեն: Հասել ենք մի իրավիճակի, որ ակադեմիական կրթությունը, համատարած գրաճանաչությունը և որոշակի բազային գիտելիքը դարձել են համընդհանուր հասանելի, և մենք սկսում ենք մտածել, որ կարելի է առաջ գնալ նաև առանց դրա: Իրականում, կարևոր է հիշել՝ կրթությունը հանրային բարիք է: Կան բազմաթիվ հետազոտություններ, թե ինչպես է փոխվում հանրությունը՝ կախված կրթական տարբեր մակարդակներ ունեցող մարդկանց համամասնությունից: Կան հետազոտություններ, որոնց ցույց են տալիս՝ հանցագործություններն էապես աճում են, եթե տվյալ բնակավայրում բարձրագույն կրթություն ունեցողների համամասնությունը 3%-ից ցածր է: Նույնը վերաբերում է աղքատության ցուցանիշներին: Այսինքն՝ կրթությունը ոչ միայն մասնագիտություն ունենալու և որևէ հմտություն կիրառելու ճանապարհ է, այլև հանրային զարգացման կարևոր շերտ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ հմտությունների ուսուցանումը հնարավոր է միայն ֆունդամենտալ ակադեմիական գիտելիքների առկայության պարագայում:
Բանախոսներն ընդգծել են՝ ակադեմիական կրթությունը շատ կարևոր է, բայց նաև պետք է մշտապես աշխատել սեփական հմտությունների և գիտելիքների զարգացման ուղղությամբ:
Արհեստական բանականությունը մարտահրավե՞ր է, թե՞ հնարավորություն
Պանելային քննարկման բանախոսներն ընդգծել են՝ այն մասնագետները, որոնք կկարողանան իրենց մասնագիտության մեջ համադրել արհեստական բանականության գործիքներ, աշխատաշուկայում կունենան մրցակցային առավելություն: Ընդ որում՝ սա գլոբալ միտում է:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս բանավեճը նոր չէ, և եթե նայենք գիտության զարգացման պատմությանը, կտեսնենք, որ պատմության յուրաքանչյուր փուլում շ նորարարություններն առաջ են բերել նմանօրինակ բանավեճեր:
«Դեռ ամբողջությամբ չենք պատկերացնում, թե ինչպես կարող է արհեստական բանականության գործիքակազմի ներդրմամբ փոխվել հանրային և տնտեսական հարաբերությունների վարքականոնը, և այդ անորոշությունը, բնական է, մտավախությունների տեղիք է տալիս: Տեխնոլոգիական զարգացման դեմ պայքարելն անօգուտ և սխալ է: Բայց ռեֆլեքսիան, մտածված մոտեցումն ու տարբեր իրավիճակներում գործելու ճկունությունը կարևոր են, և պետք է պատրաստ լինել տարաբնույթ սցենարների»:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մասնավորի հետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև բուհերի կողմից մրցունակ մասնագետների պատրաստմանը:
ԿԳՄՍ նախարարը մի քանի հիմնական խնդիր է արձանագրել` ընդգծելով, որ կրթություն-տնտեսություն կապը երկկողմանի հարաբերություն է ենթադրում:
Ըստ Ժաննա Անդրեասյանի` մասնավոր ոլորտի գործատուները պետք է հստակ պատկերացնեն, թե որ աշխատանքի համար ինչ որակավորմամբ մասնագետ է անհրաժեշտ տնտեսությանը: Այս համատեքստում նախարարը ներկայացրել է «Edu2work» հարթակը, որը նպատակ ունի միավորելու կրթական համակարգը և աշխատաշուկան։
«Ընդունելով, որ բուհական կրթությունը մրցունակության տեսանկյունից բավականին խնդրահարույց է, պետությունը նախաձեռնել է բարձրագույն կրթության բովանդակային բարեփոխումների գործընթացը: Պետության կողմից ըստ մասնագիտությունների տրամադրվող կրթաթոշակային տեղերն ու անվճար տեղերը պետք է հենվեն որոշակի վերլուծության վրա, և այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով բուհերի հետ համատեղ աշխատանքը:
Քննարկմանը մասնակցել են նաև «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը և Armenian HR Association-ի նախագահ Արփի Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում պանելային քննարկման բանախոսները անդրադարձել են մի շարք հարցերի, պատասխանել ՀՊՏՀ ուսանողների հարցերին: