«Հայաստան» խմբակցությունն իր երախտագիտությունն է հայտնում Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներին


«Հայաստան» խմբակցությունն իր երախտագիտությունն է հայտնում Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներին
Մարտ 21 17:35 2025

ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունն իր երախտագիտությունն է հայտնում Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Կանտոնների խորհրդին, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար. Հայերի վերադարձի հնարավորությունը» վերնագրով բանաձևի ընդունման կապակցությամբ։ 

Խմբակցության տարածած հայտարարության մեջ նաև ասված է.

«Այս սկզբունքային և ժամանակին կայացված որոշումը վկայում է միջազգային իրավունքին, համամարդկային հումանիտար արժեքներին և ընդգրկուն դիվանագիտությանը  Շվեյցարիայի երկարամյա հավատարմության մասին։  Կարևորելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն խթանող հատուկ ֆորումի ստեղծման անհրաժեշտությունը՝ Շվեյցարիան կարևոր շեշտադրում է կատարում՝ պաշտպանելու բնօրրանից բռնի տեղահանված հայերի հավաքական վերադարձի և հիմնարար այլ իրավունքի իրացման ուղղությամբ։  Մենք խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների պատրաստակամությունը՝  աջակցելու և կյանքի կոչելու այս կենսական նախաձեռնությունը և ողջունում ենք Դաշնային խորհրդի առաջիկա դերակատարությունը այն իրագործելու հարցում։  Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի, էթնիկ զտման նպատակադրումով և ռազմական գործողություններով ուղեկցված տեղահանումը ոչ միայն լրջագույւն հումանիտար ճգնաժամ է առաջացրել, այլև բարոյական և իրավական լուրջ մարտահրավեր է միջազգային հանրությանը։  Երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը  հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ։ Մենք պատրաստ ենք ակտիվորեն աջակցել այս նախաձեռնությանը և սերտորեն համագործակցել շվեյցարացի մեր գործընկերների և բոլոր շահառուների հետ՝ ապահովելու ֆորումի արդյունավետ ընթացքն ու նպաստելու Հարավային Կովկասում հարատև և արդար խաղաղության հաստատմանը»։