Ցուցմունք տված Կամո Հայրապետյանն ու Մուշեղ Գրիգորյանը բռնի տեղահանումից հետո մնացել էին Արցախում, ստացել են Ադրբեջանի քաղաքացիություն


Ցուցմունք տված Կամո Հայրապետյանն ու Մուշեղ Գրիգորյանը բռնի տեղահանումից հետո մնացել էին Արցախում, ստացել են Ադրբեջանի քաղաքացիություն
Մարտ 12 11:52 2025

Բաքվի դատարանում, որտեղ երեկ շարունակվում էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը, Վարդանյանի դեմ ցուցմունքներ են տվել։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ցուցմունք տված անձինք պատմել են, թե, իբր, Ռուբեն Վարդանյանը «ֆինանսավորել է ջոկատների ստեղծումը և տարածքների ականապատումը, երեք ռազմական պահեստների կառուցումը, իբր, Վարդանյանը կարողացել է այդ պահեստներում բերել և հավաքել զգալի քանակությամբ զենք-զինամթերք, դրոններ և այլ ԱԹՍ–ներ, և քարոզել է զինվել և կռվել ադրբեջանցիների դեմ»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տվողները Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանն են եղել։

Կամո Հայրապետյանի մասին արցախցիներից մեկը մանրամասներ է պատմել։

«Ի դեպ, թուրքի դատարանում ցուցմունք տվող Կամոյի հորը ադրբեջանցիները սպանել են Բաքվում՝ մետրոյի «Գյանջլիկ» կայարանի դիմաց՝ հակամարտության սկզբում։ Կամոն նրան գտել է շտապօգնության հիվանդանոցի դիահերձարանում, նրան ստիպել են` «բացատրագիր» գրել, թե հայրը մահացել է սրտի կաթվածից, երբ նրա մարմնին դանակի 17 հարված է եղել։

Կամոն հորը թաղել է հայրենի գյուղում՝ Մարաղայում։ Հետագայում գյուղը գրավվեց ադրբեջանցիների կողմից և մինչև վերջ մնաց նրանց վերահսկողության տակ»,- գրել էարցախցի Արմինե Մարտիրոսյանը։

Նշվում է, որ թե Կամո Հայրապետյանը, թե Մուշեղ Գրիգորյանը բռնի տեղահանումից հետո մնացել էին Արցախում, ստացել են Ադրբեջանի քաղաքացիություն։

Վարդանյանի գործով շինծու դատավարությունը կշարունակվի մարտի 18-ին։