Գյումրիում լարվածություն չեմ տեսնում, լարվածությունը վիրտուալ միջավայրում է։ Այս մասին «Հորիզոնի» եթերում հայտարարել է Գյումրու քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Իրական կյանքում բոլոր քաղաքական ուժերն աշխատում են, հանդիպումներ են ունենում իրենց աջակիցների հետ։ Իսկ վիտուալ աշխարհում ինչ-որ փոխհրաձգություններ փորձում են հրահրել, իմ խորը համոզմամբ՝ անարդյունք։ Իրավիճակի վիրտուալ լարումը տեղի է ունենում ոչ թե ընդդիմադիր թեկնածուների կողմից, այլ իշխող ուժի ներկայացուցչի, կուսակցության ղեկավարի կամ երկրի ղեկավարի կողմից։ Ես ունեմ ներքին վստահություն, որ բոլորը հասկանում են, որ ՔՊ-ն Գյումրու ընտրություններում հաղթելու շանս չունի։ Այդ զգացողությունն է ստիպում, որ քաղաքային ընտրությունները, ինչպես սիրում է ասել Շիրակի մարզպետը, երեկ իշխող ուժի ղեկավարը վերածեց քաղաքական ընտրությունների, որովհետև ամբողջ քաղաքական թիմը հավաքել էր, եկել էր Գյումրի՝ սատարելու իրենց Սարիկին։ Բայց եկեք հասկանանք, թե Սարիկն ումն է, քանի որ ՀՀԿ-ն հայտարարեց, որ Սարիկ Մինասյանը 2017 թվականին դիմում էր գրել՝ անդամագրվելու ՀՀԿ-ին, Սարիկ Մինասյանը հերքում է դա, սակայն պատկան մարմիններն այդ դեպքում ինչու գործ չեն հարուցում կեղծ ինֆորմացիա տարածելու համար։ Բայց, 2021 թվականին Սարիկ Մինասյանը պատգամավորության թեկնածու էր առաջադրվել Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից, որի վերաբերյալ գրառում էր հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում։ Նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ գրում է, որ ներկաները և նախկինները, եթե գան իշխանություն, դա հղի է լինելու եղբայրասպանությամբ, ներկաներն այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն էր, իսկ նախկինները, հավանաբար, նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Փաստորեն, Սարիկ Մինասյանը գտնում էր, որ եթե Փաշինյանը գա իշխանության, լինելու է եղբայրասպանություն։ Ես հիմա դիմում եմ Գյումրու ՔՊ-ի անդամներին, այս մարդը ձեզ համարել է եղբայրասպան, բայց հիմա ինքը եկել և համալրել է եղբայրասպանների կուսակցությունը և դարձել առաջին համար»,- ասել է նա։