Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան


Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան
Հունվար 15 21:44 2025

Հայաստանի գոյատևման բանաձևը հավասարակշռությունն է. լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագրին։

«Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ։ Դրա մեջ է մեր գոյատևման բանալին։ Պետք  է հրաժարվենք սատելիտային մտածողություններից, ընդ որում՝ ինչքան անընդունելի է ՌԴ-ին սատելիտ լինելու գաղափարախոսությունը, նույնքան էլ Միացյալ Նահագներին։ ՀՀ-ն պետք  լինի անկախ պետություն, մենակ այդ դեպքում մեզ կհարգեն, մեզ հետ հաշվի կնեստեն բոլորը, ոչ թե կմրցակցեն, թե սա ում սատելիտն է, այլ կփորձեն մեզ հետ լավ հարաբերություններ մշակել»,-ասաց նա։

Մինչդեռ Զուրաբյանի կարծիքով՝ այսօր ՀՀ-ն  «մի քիչ շեղվել է»․ «Լավ է, որ Արևմուտքի հետ զարգացնում ենք հարաբերությունները, ինչ-որ քայլեր ենք անում, բայց դա չպետք է բերի թշնամացում ՌԴ-ի հետ, այսինքն՝ այստեղ պետք է շատ նուրբ նավարկում, նուրբ քաղաքականություն, որն առայժմ վարելու կարողությունը Նիկոլ Փաշինյանի և թիմի մոտ չեմ տեսնում։ Փաշինյանը պետք  է կարողանա այնպիսի կուրս տանել, որ նաև ՌԴ-ն մեզ հետ բարյացակամ ու նորմալ հարաբերություններ ունենա, ինքը առայժմ դա չի կարողանում անել»,-ասաց նա։

Հարցին, թե իրադարձություններն արտահերթ ընտրությունների գործընթացի՞ են տանում, թե՞ ոչ՝ ինչպես կանխատեսում են որոշ քաղաքական գործիչներ, Զուրաբյանը պատասխանեց, որ ոչ։ 

«Չեմ տեսնում, որ արտահերթ ընտրություների իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում։ Դա նշանակում է քաղաքական կառավարման ճգնաժամ, որը ես հիմա չեմ տեսնում։ Իհարկե, չի բացառվում՝ հաշվի առնելով Ալիևի սպառնալիքները, բայց դրանք ֆորսմաժորային զարգացումներ են, որոնք չեմ տեսնում»,-ասաց նա։