«ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան


«ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան
Հունվար 10 22:34 2025

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում արձանագրված հաջողություններին, գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ քննարկումների ընթացքին և առաջիկա ծրագրերին:

Անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին՝ նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից երեկ տրված դրական եզրակացությունը համահունչ է ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ փոխգործակցության խորացման դինամիկային և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին:

Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով առկա գործիքակազմի միջոցով ընձեռնվող հնարավորությունները: Ի թիվս այլ մեխանիզմների, ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման տեսլականին համահունչ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում փոխադարձ ընդունելի լուծումների հասնելու և երկարատև կայունություն ապահովելու ուղղությամբ: Այդ համատեքստում, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի վերջնականացման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով ՀՀ կողմից ներկայացված առաջարկությունները:

Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար հարցերի: