Կյանքից հեռացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը


Կյանքից հեռացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը
Հունվար 8 17:38 2025

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 7-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Աղասիի Թավադյանը։

 

Ակադեմիկոս Թավադյանի գիտական գործունեությունը նվիրված է քիմիական կինետիկա, ազատ-ռադիկալային ռեակցիաներ, հեղուկաֆազ օքսիդացման ռեակցիաների կատալիզ և ֆոտոկատալիզ, հակաօքսիդիչ ազդեցության քիմիական մեխանիզմ, բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային մոդելավորում ուղղություններին: Նրա կողմից ստեղծվել է «Բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային արժեքային վերլուծություն» նոր գիտական ուղղությունը։ Նա հեղինակ է «Բազմակենտրոն շղթայական պրոցեսների ընտրողական ինհիբացում» ԽՍՀՄ գիտական հայտնագործության:

 

 

Լևոն Թավադյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատության, 3 մենագրության, որից երկուսը տպագրվել է ԱՄՆ-ում:

 

Լևոն Թավադյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 9-ին՝ Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։ 1974 թվականին Մոսկվայում ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, որտեղ 1978 թվականին ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նույն տարում Երևանում աշխատանքի է անցել Հայկական ԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում: 1980-1981 թվականներին որպես հրավիրված հետազոտող աշխատել է Հունգարիայի ԳԱ քիմիայի կենտրոնական ինստիտուտի միջազգային լաբորատորիայում: 1987 թվականին Մոսկվայում` ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, ստացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1985-2006 թվականներին աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն և միաժամանակ ղեկավարել լաբորատորիա, որը ստեղծվել էր ինստիտուտում կոնդենսացված միջավայրում ազատ ռադիկալային ռեակցիաների` նոր գիտական ուղղության զարգացման նպատակով: 2006-2019 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ 1990 թվականից ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գիտության և կրթության զարգացմանը նվիրված ծրագրերին՝ ունենալով մեծ ներդրում Ստեփանակերտում քիմիական էկոլոգիայի լաբորատորիայի հիմնադրման գործում: Լևոն Թավադյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ֆակուլտետներում, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայկական պետական մանկավարժական համալսարաններում