Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ միասնական տոմսային համակարգին և QR կոդերի վավերականության ժամկետների կրճատմանը։
«Այն վիճակագրությունը, որը մենք ունենք, փաստում են, որ մեկանգամյա տոմսերը հիմնականում սպառվում են ձեռքեբերումից հետո 3 օրվա ընթացքում և ամենևին չի ենթադրվում, որ դրանք կարող են երկարաժամկետ լինել, երբ խոսքը մեկ ուղևորության մասին է։ Ի դեպ՝ ասեմ, որ այնպես չէ, որ միայն Հայաստանում է այդպես։ Եթե խոսենք երկարաժամկետ տոմսերի մասին, ապա այսօր արդեն կարելի է ձեռք բերել տրանսպորտային փաթեթները»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ դա ավագանու որոշմամբ է սահմանվել և իր համար տարակուսելի էր, երբ դրա մասին խոսում էին ավագանու որոշ անդամներ՝ իբրև թե դրա մասին չգիտեին։
Փոխքաղաքապետը նշեց, որ քաղաքացիներն էլ կարող են բջջային հավելվածով ստուգել, որ, օրինակ՝ նույն Բեռլինում մեկ ուղևորության տոմսի վավերականության ժամկետը գնման պահից 2 ժամ է՝ նույնիսկ 4 օր էլ չի, ինչպես մեզ մոտ է։
Հիշեցնենք, որ ուղևորատոմսերի վավերականության ժամկետը գնման պահից 7 օր էր, բայց հունվարից ժամկետը կրճատվել է՝ դառնալով 4 օր։