Ողբերգական դեպք՝ Երևանում․ հրշեջները, մարելով բնակարանում առաջացած հրդեհը, հայտնաբերել են մոր և դստեր մարմինները


Ողբերգական դեպք՝ Երևանում․ հրշեջները, մարելով բնակարանում առաջացած հրդեհը, հայտնաբերել են մոր և դստեր մարմինները
Հունվար 6 10:10 2025

Այսօր՝ հունվարի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան փողոցի 90 շենքում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, oպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս Գազ», Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։ Տեղում պարզվել է, որ բնակարանը գազաֆիկացված չէ։Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Խաչատրյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները նշված տան բնակիչներ 74-ամյա Անուշ Բ․-ն և 44-ամյա Լիլիթ Հ․-ն է։Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները մայր ու դուստր են։