2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» զոհված զինծառայողների նկատմամբ կարմիրբերետավորների կիրառած բռնության վերաբերյալ գործը գտնվում է Քննչականում, 168.am-ին ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Նախորդ տարվա իրադարձություններից հետո, երբ դատարանները բավարարեցին մեր բողոքները, իսկ դատախազության բողոքները մերժվեցին՝ գործը կարճելու վերաբերյալ, գործը կրկին ուղարկվեց լրացուցիչ քննության։ Հիմա գործը գտնվում է ՔԿ-ի Հատկապես կարևոր գործերով վարչությունում։
Ակնկալիքների մասով ոչինչ չեմ կարող ասել»,- նշել է փաստաբանը։
«Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպի ժամանակ կարմիրբերետավորների կողմից բեման ենթարկվելիս մարմնական վնասվածքներ էր ստացել 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը։
168.am-ը տիկին Գոհարից հետաքրքրվել է, թե ի՞նչ ակնկալիքներ ունի, հատկապես, երբ ՆԳ նախարարն այժմ փոխվել է՝ նախկին նախարար Վահե Ղազարյանին փոխարինել է Արփինե Սարգսյանը։
«Այս իշխանությունների օրոք ես որևէ բանից մեկ կաթիլ անգամ հույս չունեմ։ Դրա համար իմ էներգիան չեմ վատնի ու դիմեմ ՆԳ նոր նախարարին, որպեսզի հետևողական լինի, հետո էլ ծաղրանքի ենթարկվեմ։ Մենք այնքան հարցերով ենք դիմել նրանց, որոնց պատասխանը 0 է եղել։ Հետևաբար, մինչև այս այլասերված իշխանությունը չփոխվի, որևէ բան այս երկրում չի փոխվելու։ Իհարկե, փոխվելուց հետո, տա Աստված, ազգիս արժանի զավակ նստի այդ աթոռին, որովհետև Սերժ Սարգսյանից հետո սա եկավ, ի՞նչը փոխեց՝ ոչ մի բան, հակառակը՝ ամեն ինչ դեպի վատը տարավ»,- նշել է Գոհար Դավթյանը։
Նրա խոսքով՝ մինչև Հայաստանի իշխանությունը չփոխվի՝ որևէ մտադրություն չունի որևէ մեկին դիմելու, որպեսզի այդ գործն արդարացիորեն քննեն։
«Ինքս պատրաստ եմ ամեն մի չարիքի դեմ պայքարել, բայց երբ տեսնում եմ, որ անիմաստ տեղը ջուր են ծեծում, հույսս կորցնում եմ և մյուս կողմից էլ՝ հույսով սպասում այն օրվան, որ յուրաքանչյուր մարդ իր արարքի համար պատասխան կտա։
Այս բոլոր պաշտոնյաները ծառայում են մեկ չարիքի, այդ մարդամեկը չէ՞ր ասում՝ «կա՞ մեկը, որն իմ խոսքը չլսի»։ Նման պայմանններում ի՞նչ ակնկալիքներ կարող եմ ունենալ։ Սրանք ի սկզբանե պատրաստված են եկել, որ նման չարիք բերեն մեր գլխին, ու մինչև հիմա էլ իրենց արարքները շարունակում են»,- հավելել է տիկին Գոհարը։
Գոհար Դավթյանը հույս ունի, որ քանի տարի էլ անցնի՝ «Եռաբլուրի» դեպքի մեղավորները կստանան իրենց պատիժը, միայն թե Հայաստանում իշխանության գան ազգասեր, ժողովրդին ծառայող մարդիկ, այլ ոչ թե հայրենիքը ծառայեցնեն իրենց շահերը պաշտպանելուն, ինչպես անում է ներկայիս իշխանությունը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները գնացել էին «Եռաբլուր»՝ հայտարարելով, որ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանը մտնի այնտեղ և ծաղիկներ դնի իրենց որդիների շիրիմներին։
Սակայն Նիկոլ Փաշինյանը անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցներով, կարմիրբերետավորներով շրջապատված՝ գնաց «Եռաբլուր»։ Կարմիրբերտավորները սկսեցին բռնի ուժ գործադրել ու բերման ենթարկել որդեկորույս ծնողներին ու ապահովել Նիկոլ Փաշինյանը մուտքը պանթեոն։