Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից. Զախարովա


Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից. Զախարովա
Դեկտեմբեր 18 13:47 2024

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի Հայաստան մուտքի արգելքը համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Սա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին: Մենք անմիջապես երկկողմ դիվանագիտական ​​ուղիներով կապ ենք հաստատել Երևանի հետ՝ պարզաբանումների համար: Նախկինում մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել ինչ-ինչ պատճառներով ՀՀ իշխանություններին չգոհացնող ՌԴ քաղաքացիներին երկիր մուտք գործել թույլ չտալու արատավոր պրակտիկան», - ասել է Զախարովան: 

Օրեր առաջ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան, ինչից հետո նա ստիպված է եղել Մոսկվա վերադառնալ: Ինչպես հաղորդել էր  Ռուսաստանի հայերի միությունը, Միհրանյանը Հայաստան էր ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։

Ավելի վաղ ՀՀ իշխանություններն արգելել են ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը: