Սիրիացի նախկին ռազմական օդաչու Ռահիդ ալ-Թաթարին սիրիական բանտից ազատ է արձակվել 43 տարվա ազատազրկումից հետո, հայտնում է Al Arabia-ն։
Լրատվամիջոցները հղում անելով օգտատերերին, հայտնում են, որ լուսանկարներ են հրապարակվել, թե ինչպես արդեն նախկին բանտարկյանը հանդիպում իր ընտանիքի հետ` Ասադի ռեժիմի բանտերում 43 տարվա ազատազրկումից հետո։
Ըստ սիրիական լրատվամիջոցների՝ այս օդաչուն ձերբակալվել է 1982 թվականին՝ հրաժարվելով կատարել այդ ժամանակ Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի հրամանը և ռմբակոծել Սիրիայի Համա քաղաքը՝ ցույցերը ճնշելու համար։ Ալ-Թաթարին ազատ է արձակվել Սիրիայի արևմուտքում գտնվող Տարտուսի բանտից Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո։
Երկար տարիներ է՝ Թաթարիի ընտանիքից շատերը կորցրել էին նրան կենդանի տեսնելու հույսը: Նրա դեմ այս երկարաժամկետ դատավճռի միակ պատճառն այն էր, որ նա հրաժարվեց ռմբակոծել Համա քաղաքի բնակիչներին, ովքեր ապստամբել էին Հաֆեզ Ասադի դեմ 1982 թվականի ապստամբության ժամանակ:
Մեկ այլ վարկածով՝ Ռաղիդ Ահմադ ալ-Թաթարիի բանտային ոդիսականը սկսվել է 1982 թվականին, երբ նա 27 տարեկան էր, այն բանից հետո, երբ ընկերակից օդաչուն կործանիչով փախել է Հորդանան:
Ալ-Թաթարին մեղադրվել է իր գործընկերոջ փախուստի ծրագրերի մասին տեղեկությունները թաքցնելու մեջ։ Մեզզե բանտում երկու տարի մենախցում մնալուց հետո նրան տեղափոխել են տխրահռչակ Պալմիրայի բանտ, որտեղ նա մնացել է մինչև 2000 թվականը։ Դրան հաջորդել է տեղափոխությունը մեկ այլ տխրահռչակ բանտ՝ Սեդնայի, իսկ 2011 թվականին՝ Դամասկոսի Ադրայի կենտրոնական բանտ: Ռազմական դատարանը մեկ րոպեում նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։
Նախկին բանտարկյալներից մեկը հիշել է իրենց առաջին խոսակցությունը. «Երբ ես հարցրի, թե քանի տարով են ազատազրկել իրեն, նա ժպտալով պատասխանեց՝ Ձեր պատիժը այն տարիների քանակն է, որը ես անցկացնելու եմ բանտային զուգարանում»:
Ճաղերի հետևում Ալ-Թաթարին զարգացրել է նկարչի և քանդակագործի տաղանդը՝ ստեղծելով փոքրիկ քանդակներ հացի փշրանքներից, շաքարավազից, կիտրոնաթթվից և ձիթապտղի կորիզներից: Նա նաև կազմակերպել է շախմատի մրցաշարեր՝ հացի խմորից կտորներ պատրաստելով և կտորի վրա տախտակը գծելով։
Նրա որդին՝ Վեյլը, որն այժմ ավելի քան 40 տարեկան է, հիշում է, թե ինչպես էր մանուկ հասակում մայրն իրեն ասում, որ հայրը պարզապես հեռացել է։ «Ամեն անգամ, երբ տեսնում էի մենակ քայլող անծանոթի, մտածում էի՝ հնարավո՞ր է՝ դա իմ հայրն է: Ես քայլում էի դեպի դուռը և սպասում, բայց ոչինչ տեղի չէր ունենում։ Մի քանի տարի անց դա դարձավ անտանելի, և ես դադարեցի սպասել»,- ասել է Վեյլը։
Ազատազրկման տարիներին ալ-Թաթարիի ձերբակալության տարբեր վարկածներ շրջանառվեցին՝ սիրիական Համա քաղաքը ռմբակոծելուց հրաժարվելուց մինչև ընկերների դասալքության մասին իշխանություններին չտեղեկացնելը: The Syrian Campaign իրավապաշտպան կազմակերպությունը, որն ուսումնասիրել է ալ-Թաթարիի գործը, հաստատել է, որ նա Սիրիայի ամենատարեց քաղբանտարկյալն է։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում