ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ այսօր շարունակվել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը։
Պաշտպան Արամ Վարդևանյան անհիմն է համարել ս․թ․ հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր Վահե Միսակյան) կայացրած վճռը, որով Վազգեն Մանուկյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով։
Սույն քրեական գործը, ըստ դատապաշտպանի, ամբողջությամբ առնչվում է խոսքի ազատությանը, որի սահմանափակումը պետք է ենթադրի ծանրակշիռ փաստարկներ։ Մինչդեռ կայացված դատական ակտը, որն այժմ բողոքարկվում է, ընդհանրապես չունի անհրաժեշտ փաստարկներն ու հիմնավորվածությունը, գնահատված չէ իրավիճակի կոնտեքստը՝ ով է կատարել նման հայտարարություն և ինչ պայմաններում։
Մեղադրող կողմը նույնպես ներկայացրել է իր տեսակետը՝ հիմնավոր համարելով Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի կայացրած դատավճիռը։
Ս․թ․ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 9։30-ին նիստը կշարունակվի, և դատարանը կմտնի խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Մանուկյանի գործով պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել այն և կայացնել արդարացման վճիռ։