Վահագն Չախալյանն արդարացվեց. փաստաբան


Վահագն Չախալյանն արդարացվեց. փաստաբան
Նոյեմբեր 19 20:09 2024

«Հիշեցնեմ, որ «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը և կազմակերպության անդամներ հունիսին ձերբակալվեցին խմբակային խուլիգանություն վարույթով և բոլորը տարվեցին ՁՊՎ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ հետագայում  կազմակերպության անդամներն ազատ արձակվեցին, իսկ Վահագն Չախալյանի դեմ միջնորդություն ներկայացվեց դատարան կալանք կիրառելու համար, իսկ դատարանը մասնակի բավարարեց որոշումը և Չախալյանը ամիսներ շարունակ գտնվում էր տնային կալանքի տակ։

Փաստաբանը նշեց, որ դեպքի բազմաթիվ տեսագրություններում պարզ երևում էր, որ անձի գործողություններում խուլիգանության հանցակազմ չկա։

 «Ամիսներ շարունակ տևող նախաքննությունն ի վերջո եկավ հավաստելու այն, ինչը որ ի սկզբանե պարզ էր, որ Վահագն Չախալյանը հանցագործություն չի կատարելև քննիչի կողմից մնում էր միակ որոշումը կայացնել արդարացման հիմքով քննությունը դադարեցնելու վերաբերյալ և, ըստ էության, Վահագն Չախալյանն արդարացվեց, և հիմա ունի արդարացվածի դատավիճակ»,-հայտնեց փաստաբանը;

 Հովհաննիսյանն էական համարեց այն, որ պետությունը մի քանի ամիս ռեսուրսներ և ժամանակ ծախսեց, որպեսզի պարզի այն, ինչ ի սկզբանե պարզ էր և հավելեց, որ պաշտպանական կողմը դիմելու է դատարան՝ Չախալյանին պատճառված բարոյական վնասը փոխհատուցելու նպատակով։