Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Արդարադատության նախարարի թեմայով արտահայտվել եմ՝ ըստ էության չունի որեւէ նշանակություն, թե ով կնշանակվի նախարար: Դա նշանակություն կարող է ունենալ այն դեպքում, երբ կառավարող քաղաքական թիմը ունենա արդարադատության մոտիվ: Հայաստանում տնտեսա-քաղաքական հարաբերությունների համկարգն ու իշխանության համակարգը որեւէ կերպ չեն ենթադրում արդարադատության մոտիվ:
Հետեւաբար, արդարադատության նախարարը դե ֆակտո այլ բան չէ, քան ընդամենը վարչական ֆունկցիոներ, որը կարող է համակարգում գործող եւ պետական ծառայություն մատուցող մեկ-երկու գերատեսչության աշխատանք բարելավել, կամ չբարելավել, քաղաքացուն մատուցվող ծառայության որակ՝ բարձրացնել, կամ՝ չբարձրացնել:
Արդարադատության նախարարի «նշանակման» պրոցեսն է արժանացել ուշադրության: Փաստորեն, նախարարի թեկնածուները հավաքվում են, ելույթ են ունենում ՔՊ վարչության առաջ, իսկ վարչությունը՝ ընտրում է:
Շատ հետաքրքիր է, ի՞նչ չափանիշով են ընտրում: Ասենք, էդ վարչության կազմում քանի՞ իրավաբան կա, իրավագետ, արդարադատության ոլորտի մասնագետ, որ հասկանա, թե ո՞ր թեկնածուն է ավելի արժանի: Ինչո՞վ են ընտրում՝ բառապաշարո՞վ, արտաքինո՞վ, սեռո՞վ, պարզապես համակրանք-հակակրանքո՞վ, ծանոթությա՞մբ:
Եվ, անկեղծորեն զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք իսկապես տիրապետելով մասնագիտական որակների, համաձայնում են անցնել այդ պարզունակ «ժյուրիի» առջեւով, եւ փորձել ինչ որ մարդկանց համոզել, որ իրենք կլինեն լավ նախարար, այն դեպքում, երբ «ժյուրին» ինքը ունի իր որեւէ կարողունակության հարցում համոզելու խնդիր»: