Մի նախարարը մյուսից տեղյակ չէ․ «Հրապարակ»


Մի նախարարը մյուսից տեղյակ չէ․ «Հրապարակ»
Հոկտեմբեր 29 08:11 2024

«Հրապարակը» գրում է․ Առողջության համընդհանուր ապահովագրությունն անգամ 2025-ին ուժի մեջ չի մտնի․ երեկ ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ 2025-ի բյուջեում դրա համար միջոցներ պլանավորված չեն։ «Գտել ենք, որ նախապատրաստական որոշակի աշխատանքներ պետք է արվեն՝ համակարգը սահուն ներդնելու համար: Կարծում ենք, որ պետք է ավելի լավ նախապատրաստվենք՝ ոլորտի բարեփոխումներ, թվային համակարգեր, ռիսկերի կառավարում, հիվանդանոցային կարողություններ: Երբ համակարգը ներդրվի, կտրուկ կբարձրանա առողջապահական ծառայությունների պահանջակը»:

Մինչդեռ բառացիորեն 3 օր առաջ՝ հոկտեմբերի 26-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հ1-ի եթերում ասել էր, թե ամեն ինչ սահուն ընթանում է․ «Բազմաթիվ տարաբնույթ քննարկումների եւ աշխատանքային բանակցությունների արդյունքում, կարծես թե, կոնսենսուս կա՝ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի փուլերի ներդրման ձեւաչափի մասով… Այժմ կառավարությունում քննարկում ենք, թե արդյոք 2025-ի բյուջետային հնարավորությունները թույլ կտա՞ն գործարկել առաջին փուլը, թե՞ 2026-ին գործարկենք»։

Իսկ ավելի վաղ էլ հայտարարել էր, որ 2024-ի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործի այն քաղաքացիների համար, որոնք այսօր պետպատվերի շահառու են, հետո դրա ժամկետն էլ ձգձգվեց: Փաստորեն, մի նախարարը մյուսից տեղյակ չէ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 29․ 10․ 24 թ համարում։