ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 22-ին այցելել է 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած համարվող Գեղամ Գրիգորյանի տուն:
Գեղամի հայրը` Սամվել Գրիգորյանը և մայրը` Եվգենիա Գրիգորյանը Աննա Հակոբյանին պատմել են, որ որդուց վերջին զանգը ստացել են 2020 թվականի սեպտեմբերի 29-ին. Գեղամը հայտնել էր, որ առաջնագծում է:
Աննա Հակոբյանը հետաքրքրվել է Գեղամի մինչբանակային կյանքից: Գեղամը տան 3-րդ երեխան է, 3 քույր ունի: Պատերազմի ժամանակ 6 ամսվա ծառայող էր: Դեռ դպրոցական տարիքից շատ լավ տիրապետել է տարբեր գյուղտեխնիկայի շահագործման կանոններին, հաճախ հորն օգնել է կոմբայնով աշխատելու ժամանակ` բերքահավաք է իրականացրել:
Մայրը պատմել է, որ անգամ իրենք էին խնդրում, որ Գեղամը գնար և դասարանցիների հետ խաղար դրսում, սակայն Գեղամը մերժում էր բոլոր առաջարկները և դաշտ գնում, որ ընտանիքը ոչ մի բանի կարիք չունենար:
Աննա Հակոբյանը խոսել է նաև ընտանիքի անդամների աշխատանքային նախասիրություններից և նշել, որ դասընթացներ անցնելու ու որևէ աշխատանքի առաջարկներ կստանան:
Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Գրիգորյաններին և համբերություն մաղթել: