Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան


Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան
Հոկտեմբեր 21 22:46 2024

Տավուշի մարզում ընտանեկան բռնության և թրաֆիքինգի դեպք է գրանցվել․ ընտանիքի հայրը ծեծել է կնոջը, ապա տատի հետ թրաֆիքինգի ենթարկել 11-ամյա աղջկան։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել շուրջ մեկ տարի առաջ՝ 2023թ․ օգոստոսի 7-ին։ Տղամարդը իր տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, հերթական վեճի ժամանակ պատառաքաղ է նետել նրա ուղղությամբ, ինչի հետևանքով կինը շրթունքի շրջանում քերծվածք է ստացել։

Սակայն առավել դաժան վերաբերմունք տամարդը ցուցաբերել է իր դստեր նկատմամբ. բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով նա թրաֆիքինգի է ենթարկել իր 11-ամյա դստերը՝ ստիպել տանը կատարել մաքրություն, հավաքել բակի աղբը, կերակրել է այն պայմանով, որ կատարի հիշյալ գործողությունները, առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել մյուս երեխաների համեմատ։ Հորից բացի երեխային շահագործել է նաև նրա տատը, որը, ի թիվս այլնի, նաև օրվա տարբեր ժամերի և հատկապես այն ժամանակ, երբ երեխան քնած է, արթնացրել և ստիպել է տրորել իր մեջքը և ոտքերը, որպեսզի ինքը կարողանա քնել։ Քրեական վարույթի շրջանակներում տղամարդը կալանավորվել է, երեխայի տատի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Գործը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է։