36,5 մլն ռուբլի է ստացել գեներալի կնոջից. ՌԴ-ում դատվող հայ գործարարի գործով նոր զարգացումներ կան


36,5 մլն ռուբլի է ստացել գեներալի կնոջից. ՌԴ-ում դատվող հայ գործարարի գործով նոր զարգացումներ կան
Հոկտեմբեր 17 17:17 2024

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովին կաշառք տալու համար մեղադրվող կրասնոդարցի գործարար Լյովա Մարտիրոսյանի փաստաբան Արտյոմ Ռաևսկին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է, որ իր պաշտպանյալը գեներալի կնոջից 36,5 մլն ռուբլի է ստացել տան կառուցման համար։ Նշենք, որ հայ գործարարը մեղադրվում է Կուզնեցովին հողամասի և տան տեսքով կաշառք տալու համար:

«Քննիչին ենք ներկայացրել բանկից անդորրագրերի և վճարման թղթերի նոտարական պատճենները: Դրանցում խոսվում է Կուզնեցովի կնոջ կողմից Մարտիրոսյանին հողատարածքը գնելու և տան կառուցման համար 36,5 միլիոն ռուբլու փոխանցման մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Մարտիրոսյանի պաշտպանական կողմը պնդում է, որ Կուզնեցովան հարցաքննվի գումար փոխանցելու հարցով, քանի որ անձամբ է տրամադրել գումարը:

Մարտիրոսյանը պնդում է, որ Կուզնեցովին հողատարածքի և տան տեսքով կաշառք չի տվել: Նրա խոսքով՝ իր դեմ առաջադրված կոռուպցիոն մեղադրանքները զուտ «կոմերցիոն նախագիծ» են։

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2021-2023 թվականներին Կուզնեցովը, լինելով ՌԴ ԶՈւ ԳՇ 8-րդ տնօրինության պետ, գործարար Լյովա Մարտիրոսյանից կաշառք է ստացել ընդհանուր մոտ 30,5 մլն ռուբլի արժողությամբ հողամասի և շինության տեսքով՝ կաշառք տվողի շահերից բխող որոշակի գործողությունների համար։ Մարտիրոսյանի ձերբակալությունից հետո Կրասնոդարում փակվել է նրա հյուրանոցը, մթերային խանութը և  սրճարանը։ Բացի այդ, գործով կատարվել է 15 խուզարկություն, նշանակվել է հինգ դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել է 17 վկա, կալանք է դրվել Մարտիրոսյանի ու նրա հարազատների՝ ավելի քան 50 միլիոն ռուբլի արժողությամբ գույքի վրա: