Նորի՞ց Ադրբեջանը հասավ իր ուզածին․ «Հրապարակ»


Նորի՞ց Ադրբեջանը հասավ իր ուզածին․ «Հրապարակ»
Հոկտեմբեր 16 08:37 2024

«Հրապարակը» գրում է․ Որոշ իշխանականների երեկվա հայտարարությունները հուշում են, որ Փաշինյանն Ալիեւի ճնշման ներքո գնացել է հերթական զիջումներին, եւ խաղաղության պայմանագրի մյուս կետերի շուրջ էլ են համաձայնության եկել։ Ժնեւում՝ վեհաժողովի ժամանակ իր ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուշագրավ բացահայտում է արել՝ ասելով, որ խաղաղության պայմանագրի հարցում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: «Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ»,- հայտարարել է նա եւ Ադրբեջանին կոչ արել․
«Մենք հրավիրում ենք Ադրբեջանին՝ դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար: Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»:

Ուշագրավ է, որ մոտ երկու շաբաթ առաջ խորհրդարանի ամբիոնից հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր 17 կետից բաղկացած պայմանագրի 13 կետի համաձայնեցման մասին՝ ասելով, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված՝ դիվանագիտական կոռեկտության խնդիր կա։ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը զուգահեռ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՔՊ-ական ղեկավար Սարգիս Խանդանյանն էլ երեկ իր հարցազրույցում աչքալուսանք էր տվել, թե Փաշինյանն Ալիեւին առաջարկել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 1-2 հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը:

Հիշեցնենք, որ ՔՊ-ականների այս «դուխով» հայտարարություններից մեկ օր առաջ Ալիեւը հերթական անգամ սպառնաց, որ չի ստորագրելու պայմանագիրը՝ մասնակի համաձայնեցված կետերով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 16․ 10․ 24 թ համարում։