Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ


Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
Հոկտեմբեր 4 16:15 2024

Սեզոնին ընդառաջ գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ:

Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ:

Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, պետական պատվերի շրջանակներում`

• անկախ հաշվառումից

• քաղաքացիությունից:

Առաջնահերթություն է տրվում ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել`

հղիներ.

6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ.

65 տարեկանից բարձր անձինք.

շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք.

բուժաշխատողներ.

փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի են բնակչության մյուս խմբերի համար ևս:

Ի դեպ, գրիպի պատվաստումները կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով»,- ասված է հաղորդագրության մեջ: