ՌԴ-ի նախաձեռնությունը թանկարժեք մետաղների շուկայում կազդի համաշխարհային տնտեսության զարգացման վրա


ՌԴ-ի նախաձեռնությունը թանկարժեք մետաղների շուկայում կազդի համաշխարհային տնտեսության զարգացման վրա
Սեպտեմբեր 9 11:00 2024

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Միջազգային փոխհարաբերություններում տեղի ունեցող շատ ուշագրավ, խորքային ու կարևոր իրադարձություններ և զարգացումներ ստվերվում են աշխարհաքաղաքական ներկայիս կիզակետում գտնվող՝ հիմնականում ռազմական գործողությունների և դրանց շուրջ տեղի ունեցող դեպքերի ու իրադարձությունների ամենօրյա դրամատիկ լրահոսով։ Այնինչ, այսօրվա ռազմական, քաղաքական ու դիվանագիտական ակտիվ իրադարձությունների քողի ներքո «գծագրվում է» նաև համաշխարհային տնտեսության ապագան։ 

Մասնավորապես, միջազգային քաղաքատնտեսական զարգացումներին հետևողների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ոչ վաղ անցյալում կատարված այցերը Աֆրիկա, այդ թվում՝ Եգիպտոս, Կոնգո, Ուգանդա և Եթովպիա։ Պատեհապաշտների մոտ դիվանագիտական ակտիվության նման «ուղղվածությունը» տարակուսանք է առաջացնում, այնինչ՝ մասնագետ-վերլուծաբանները, ըստ էության, վերծանել են նման ակտիվության հիմնական դրդապատճառները, որոնք պայմանավորված են Ռուսաստանի կողմից թանկարժեք մետաղների շուկայի համար նոր միջազգային ստանդարտ՝ «Մոսկովյան համաշխարհային ստանդարտ» (Moscow World Standard - MWS) ստեղծելու մտադրությամբ, որի նպատակը Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիային (London Bullion Market Association - LBMA) այլընտրանք դառնալն է։ 

MWS-ի գաղափարը, ըստ էության, նոր ստանդարտի հիման վրա թանկարժեք մետաղների միջազգային մասնագիտացված բորսա ստեղծելն է, որի կենտրոնակայանը լինելու է Մոսկվան։ Ծրագրվում է նաև ստեղծել Գների ամրագրման (ֆիքսման) կոմիտե, որին անդամակցելու են ԵԱՏՄ երկրների կենտրոնական բանկերը, ինչպես նաև ԵԱՏՄ այն խոշոր բանկերը, որոնք հանդիսանում են թակնարժեք մետաղների շուկայի մասնակիցներ՝ պայմանով, որ դրանք կհամապատասխանեն նոր՝ MWS ստանդարտին։ Նոր կազմակերպությունը նախատեսում է գները ամրագրել մասնակից երկրների ազգային արժույթներով, որոնք այլընտրանք կդառնան դոլարին և ֆունտ ստերլինգին։ Կազմակերպությանն առաջին հերթին անդամակցելու են ԵԱՏՄ և ԲՐԻԿՍ անդամ երկրները (վերջինիս անդամության ձգտող երկրները), ինչպես նաև Վենեսուելան, Պերուն և աֆրիկյան երկրները, որոնք արդեն անդամակցելու ցանկություն են հայտնել։ 

Ակնհայտ է, որ Մոսկվայի կողմից նոր կազմակերպություն ստեղծելու հիմնական նպատակը LBMA-ի մենաշնորհը վերացնելն է՝ ինչպես նաև ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների համաշխարհային ֆինանսական համակարգը զարգացնելը: Սա, բնականաբար, հանգեցնելու է թանկարժեք մետաղների արդյունաբերության ազդեցության զգալի տեղաշարժի՝ հավաքական Արևմուտքից դեպի խոշոր հանքավայրեր ունեցող երկրներ: 

Հատկանշական է, այժմ աշխարհում տարեկան արդյունահանվում է 3․5-ից 4 հազար տոննա ոսկի։ ԱՄՆ-ի և կոլեկտիվ Արևմուտքի մասնաբաժինը համաշխարհային արդյունահանման մեջ կազմում է շուրջ 22-24 տոկոս։ Մինչդեռ ԵԱՏՄ-ի, ԲՐԻԿՍ-ի և Աֆրիկայի երկրների «կոլեկտիվ» մասնաբաժինը ոսկու համաշխարհային արդյունահանման մեջ, կազմում է շուրջ 57 տոկոս։ Իսկ Վենեսուելաի և Պերուի արդյունահանման ծավալների հետ միասին այս ցուցանիշը կաճի մինչև 62 տոկոս: 

Ակնհայտ է, որ Ռուսաստանի նախաձեռնած նոր կազմակերպության ձևավորումը հավակնում է ոչ միայն էականորեն փոխել ուժերի հավասարակշռությունը թանկարժեք մետաղների համաշխարհային շուկայում, այլև՝ իր նշանակությամբ զգալիորեն ազդելու է համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին։»։