Սրապիոնյանը պատվի մարդ էր, իր բաժին պայքարը մինչև վերջին շունչը արժանապատվորեն մղեց


Սրապիոնյանը պատվի մարդ էր, իր բաժին պայքարը մինչև վերջին շունչը արժանապատվորեն մղեց
Օգոստոս 23 22:58 2024
«Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը գրել է․

«Ուսանող ժամանակներում բանասիրականի երեխեքի հետ դասախոսների մասին զրուցելիս երեխեքը հաճախ էին ասում, որ հատկապես Թումանյանի կյանքի ու ստեղծագործության մասին Սրապիոնյանի դասերն ուղղակի վայելք են։ Տասնամյակներ անց շատ ափսոսում եմ, որ էն ժամանակներում էդպես էլ չգնացի ու չունկընդրեցի Սրապիոնյանին... երևի մեզ թվում էր, թե ամեն ինչ նույնն է մնալու, թե ժամանակը կանգնած է։ Վերջին տարիներին դուստրը՝ Գոհարը, հայ գրականության մեծերի մասին օնլայն դասախոսությունների շարք էր կազմակերպում ու գոնե էդպես հնարավորություն ունեցանք լսել ու սովորել։
 
Սրապիոնյանը պատվի մարդ էր նախևառաջ, իսկական համալսարանական, ով սկզբունքն ու ճշմարտությունը դրեց առաջին տեղում, իր բաժին պայքարը մինչև վերջին շունչը արժանապատվորեն մղեց, երբեք չերերաց, չճկվեց, ինչպես, ցավոք, շատերն են անում։ Նա կրթության, լույսի մարդ էր, ով իր օրինակով մշտապես ի ցույց էր դնում բարեկիրթ լինելու թե' ձևը, թե' անհրաժեշտությունը։
 
Սրապիոնյանը էս լավ ու դժվար աշխարհից գնաց երջանիկ ու, երևի թե, թախծոտ։ Երջանիկ, քանի որ իր իմաստավորված կյանքի ընթացքում թողեց բարի համբավ, լավ ընտանիք, լավ ընկերություն, սեր ու հարգանք, և թախծոտ, քանի որ չհասցրեց հայրենիքի վերածնունդը տեսնել, գործ, որին նվիրված էին իր կյանքի հատկապես վերջին տարիները։
 
Բարի ճանապարհ, պարոն Սրապիոնյան ջան... չգիտեմ՝ էս տողերը կարդում եք, թե ոչ, համենայն դեպս գրում եմ, որ Ձեր կորստի առթիվ էլ մատաղ սերնդին լավ մարդու, ճիշտ մարդու մասին դաս տալու հնարավորություն լինի»։