ՔՊ-ականը «երեսփոխան» բառից իրարանցման մեջ է ընկել, քրքրել «գուգլը»․ «Հրապարակ»


ՔՊ-ականը «երեսփոխան» բառից իրարանցման մեջ է ընկել, քրքրել «գուգլը»․ «Հրապարակ»
Օգոստոս 20 08:20 2024

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կապանի տոնի առիթով` օգոստոսի 18-ին, ավելի շատ ընդդիմադիրներ էին ժամանել Սյունիք, քան իշխանականներ: Ներկա են եղել Շանթ Հարությունյանը, որի «Շանթ դաշինք» կուսակցությունը մասնակցում էր Սյունիքի ՏԻՄ ընտրություններին: 

ՀՀԿ-ական, կապանցի Արսեն Քարամյանն է ներկա եղել, ով արժանացել է պատվոգրի ու հուշամեդալի: Սյունիքից ընդդիմադիր պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն են մասնակցել: Մինչդեռ հաջորդ օրը ՔՊ-ն մեծ կազմով մեկնել է Քաջարան: Քաջարանում է եղել նաեւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, բայց նա հանդիսավոր միջոցառումներից հետո չի մնացել խնջույքին, հեռացել է։

Ի դեպ, ուշագրավ պատմություն պատմեցին` Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակարը Կապանում իր հոգեւոր մաղթանքի ժամանակ «հարգելի պատգամավորներ»-ով է դիմել ընդդիմադիրներին, փոխարենը Քաջարանում ՔՊ-ականների գերակայությունը տեսնելով՝ հնչեցրել է «երեսփոխաններ» բառը, որը Նարեկ Ղահրամանյանն ընդունել է որպես վիրավորանք եւ քրքրել է «Գուգլը», որ տեսնի, թե այդ բառի բուն նշանակությունը որն է: Ապա թեթեւացած` կողքին նստած Արմեն Խաչատրյանին հանգստացրել է, թե վիրավորական բառ չէ, մեզ այդպես էլ են դիմում։

Ավելին՝  «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։