«Մերկապարանոց շահարկումներով օրենսդրական տեռոր». տնտեսագետն արձագանքել է ՊԵԿ նախագահին


«Մերկապարանոց շահարկումներով օրենսդրական տեռոր». տնտեսագետն արձագանքել է ՊԵԿ նախագահին
Օգոստոս 17 12:52 2024

Տնտեսագետ Սերգեյ Խաչատրյանն արձագանքել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հայտարարությանը՝ գրելով․

«Ի պատասխան այն պնդմանը, որ քրեական պատասխանատվություն ենթարկելու խստացնող նախագիծը արդարության վերականգնում է կարգապահ հարկ վճարողների համար, նշեմ, որ՝

. հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանված է առանձին պատասխանատվություն՝ տույժ 0.04 տոկոսի չափով,

. իսկ հարկի գումարը ՀՀ օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում սահմանված է տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով․․․ և այլն,

. ուստի՝ արդեն իսկ անկարգապահ հարկատուն իր խախտումների համար ենթարկվում է պատասխանատվության և կարգապահ հարկատուները նույն իրավիճակում չեն կարող լինել։ Պարտադիր չէ սարսափացնել հարկատուներին մի հատ էլ ազատազրկման սպառնալիքով։ Եվ հետևաբար՝ մրցակցային իրավիճակն ամենևին էլ խախտված չէ։

Ինչ վերաբերում է, որ ոչ միտումնավոր, պատահական կամ տեխնիկական սխալների համար չկան քրեական պատասխանատվություններ և չկա այդպիսի պրակտիկա, ապա ասեմ, որ նախ չկա նաև հակառակը և Հարկային օրենսդրության պահանջներին նույնիսկ բավարար չափով չեն տիրապետում հարկային մարմնի մի շարք աշխատողներ, իսկ տիրապետողներից շատերն էլ մասնագիտացված են առանձին հարկատեսակների մասով, ուր մնաց հարկատուի վարձած բոլոր մասնագետները կարողանան ամբողջ հարկային դաշտը գերազանաց տիրապետեն և զերծ պահեն հարկային ծուղակներից, իսկ նույն հարկային մարմնի տեխնիկական կամ պատահական բացթողումների արդյունքում մեկ անգամ չէ, որ հարկատուները վնասներ են կրել։

Փաստորեն դուրս է գալիս, եթե անձը սխալվել է, ուրեմն վերջ, դա չի կարող լինել ոչ պատահական, ոչ էլ տեխնիկական սխալ, «ինչ արել ես միտումնավոր ես արել»։ «Մերկապարանոց շահարկումներով օրենսդրական տեռոր»»։