Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ես, իհարկե, Իլհամ Ալիևից երբևէ տեղեկություն չեմ ստանում նրա հետագա գործողությունների և նպատակների մասին՝ ի տարբերություն Նիկոլի, ով անձամբ է բազմիցս հայտարարել իր և Իլհամի մշտական ուղիղ կապի մասին։
Բայց Իլհամից տեղեկություններ չունենալով՝ հասկացել եմ նրա քայլերի տրամաբանությունը և հետագա նպատակները։
Հիմա զորավարժություններ անելով ու պարբերաբար սպառնալիքներ հնչեցնելով, հայկական բանակին ամենօրյա ռեժիմով առաջնագծում սադրանքների համար մեղադրելով (այս օրերին՝ Նախիջևանի հատվածում)՝ Ադրբեջանը ամենևին էլ նոր պատերազմի հիմք չի ստեղծում։
Ալիևին հիմա մեծ պատերազմ պետք չի մի քանի պատճառով.
1. Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին տեղի կունենա արտահերթ խորհրդարանական ընտրություն, իսկ դրանից օրեր առաջ Ալիևը հաստատ մեծ պատերազմի մեջ չի մտնի։
2. Նոյեմբերի 11-22-ին Ադրբեջանում տեղի կունենա ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողով, որը բնույթով միջազգային միջոցառում է և մեծ դեր ունի ընդունող երկրի (տվյալ դեպքում Ադրբեջանի համար): Մինչև նոյեմբերի 11-ը Ադրբեջանի կողմից պատերազմը հօդս կցնդեցնի COP-29 կոչվող այդ միջազգային միջոցառումը, ոչ ոք չի գնա Բաքու։
3. Արդյո՞ք նոյեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պատերազմ կսկսի, հիմա դժվար է ասել, բայց հաշվի առնելով այդ ժամանակ մեր բնակլիմայական պայմանները, կարծում եմ՝ Ալիևը լավ է հասկանում, որ Վարդենիսի սարերում, օրինակ, մոտ երկու մետրանոց ձյան մեջ մերոնք գերեզմանոց կսարքեն թշնամու զորքը։
Իհարկե, հիմա Ադրբեջանը մարզվում է ձյան պայմաններում կռվելու համար, բայց մեր առաջապահ զորքն էլ ձեռքերը ծալած նստած չէ, թեպետ իշխանությունը ոչինչ չի անում (վստահաբար Ալիևի հետ պայմանավորվածությամբ):
Հարց. բա եթե Ադրբեջանը հարձակման մտադրություն չունի, ապա ինչո՞ւ է անընդհատ տագնապային հայտարարություններ անում, սպառնում հարձակվել։
Պատասխան. Հայաստանի ժողովուրդը և բանակը դավաճանված ու կազմակերպված պարտությունից հետո աստիճանաբար վերականգնվում են բնական ճանապարհով, այսինքն ժամանակի ընթացքում վերականգնվում է հոգեբանական վիճակը, վերականգնվում են առաջնագծի դիրքերը, ամրացվում են, ուժեղացվում։ Ժողովուրդը ավելի ու ավելի լավ է սկսում հասկանալ իրականությունը, թե ինչպես է ինքը խաբվել Նիկոլ-Ալիև պայմանավորվածությանը և ինչպես են իր զավակներին զոհել այդ գործարքի արդյունքում՝ զոհելով նաև ամբողջ Արցախը։ Հիշում եք, չէ՞, Լապշինին ասած խոսքերը՝ ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա, լավ էլ կտա...
Հիմա թշնամու նպատակն է անընդհատ լարվածության մեջ պահել հայ ժողովրդին, անընդհատ պատերազմի վախ ներշնչել, որպեսզի հանրությունը իրականության մասին մտածելու, ոտքի կանգնելու, սեփական պատվին ու երկրին տեր կանգնելու կամք ու ոգի չունենա՝ անընդհատ վախենալով իր երեխաների կյանքի համար, անընդհատ խաղաղության մասին երազելով։ Սա լրիվ համընկնում է նաև Նիկոլի նպատակներին, ուստի Հայաստանի կառավարության պատասխան հայտարարություններն էլ մշտապես պատերազմի սպառնալիք ու վախ են։
Նկատե՞լ եք՝ Ադրբեջանը հայտարարում է առաջնագծում հայկական կողմից իբրև թե հրադադարի խախտման մասին, ՀՀ ՊՆ-ն կամ վարչապետի աշխատակազմը անմիջապես արձագանքում են՝ Ադրբեջանը հիմքեր է ստեղծում հարձակման համար, մենք խաղաղություն ենք ուզում...։
Ի՞նչ է սա, եթե ոչ ահաբեկում սեփական ժողովրդին։
Իմ սուբյեկտիվ կարծիքով և հաշվարկով' մինչև գարուն Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չի սկսի, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք կահավորել մեր առաջնագիծը»։