Հայաստանում նոր ծրագրի արդյունավետ իրականացման պայմաններում ակնկալվում է տարեկան 54 տոննա խեցգետնի արտադրություն


Հայաստանում նոր ծրագրի արդյունավետ իրականացման պայմաններում ակնկալվում է տարեկան 54 տոննա խեցգետնի արտադրություն
Օգոստոս 13 14:55 2024

Հայաստանում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագրի շրջանակներում, որով տրամադրվում է  պետական աջակցություն, կնքվել է արդեն 1 պայմանագիր, ակնկալվում է ևս 2-ը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այդ մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը: 

Փոխնախարարի խոսքով՝ արդյունաբերական խեցգետնաբուծությունը չնայած նոր ուղղություն է հանրապետությունում, սակայն ունի զարգացման հեռանկարներ: Ներկայումս մեկ տնտեսություն կա Մասիսում, որն ունի շուրջ 8 տոննա ապրանքային խեցգետին:

Պետությունն ակնկալում է, որ ծրագրի աջակցության արդյունքում շահառուները կավելանան:

«Ծրագրի շրջանակներում այս պահին ունենք 1 պայմանագիր Շիրակի մարզի սահմանամերձ Ողջի համայնքում: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախարարության կողմից աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ ևս 2 պայմանագիր ստորագրելու մասով:

Պետության աջակցության չափը կազմելու է 50 տոկոս: Նախատեսված է փոքր, միջին ու մեծ խեցգետնաբուծարանների կառուցում: «72 մլն դրամ գնահատված է փոքրը, 129 մլն դրամ՝ միջինը և 183 մլն դրամ՝ մեծ համալիրների դեպքում, 50 տոկոսը փոխհատուցվում է պետության կողմից, բայց ոչ ավելի, քան ծախսային հոդվածով նշված գումարների 50 տոկոսը»,-տեղեկացրեց Տաթևիկ Սարգսյանը:

«Արդյունավետ իրականացման պայմաններում պետությունն ակնկալում է տարեկան 54 տոննա ապրանքային խեցգետնի արտադրություն»,-նշեց Սարգսյանը:

Ծրագրի շրջանակներում առաջիկայում պետք է կառուցվեն 4 փոքր և մեկական միջին ու խոշոր խեցգետնաբուծական համալիրներ: