Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը սկսել է պայքարը Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում: Պոկում վարժությունից հետո Կարապետյանը երկրորդն էր, սակայն երկամարտում ցույց տալով 398 կգ արդյունք՝ բավարարվել է չորրորդ տեղով:
102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը պոկում վարժությունն ավարտել է 186 կգ արդյունքով: Առաջին մոտեցմամբ Կարապետյանը գլխավերևում է պահել 180 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ 186 կգ-ն ձախողել է, բայց երրորդ մոտեցմամբ կարողացել է բարձրացնել 186 կգ կշռող ծանրաձողը:
Հրում վարժությունում Կարապետյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 212 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ մոտեցման համար պատվիրվեց 218 կգ: Գարիկ Կարապետյանը մեկնարկեց, սակայն մրցավարները վառեցին կարմիր լույսը և թույլ չտվեցին շարունակել: Կարապետյանը երրորդ մոտեցմամբ ևս չկարողացավ բարձրացնել 218 կգ կշռող ծանրաձողը:
Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Լյու Հյուանհաուն: