Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին պայքարի մեջ մտած աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) չհաղթահարեց երկրորդ շրջանի արգելքը:
Քառորդ եզրափակիչում Հարությունյանը գոտեմարտեց ուզբեկ Գուլոմժոն Աբդուլաեւի հետ եւ պարտվեց 5:12 հաշվով:
Առաջին մրցափուլում Արսեն Հարությունյանը նախ մեկ միավոր վաստակեց, ապա մրցակիցը երկու միավորանոց հնարքով առաջ անցավ հաշվի մեջ: Եւս երկու միավոր իր հաշվին Հարությունյանը ավելացնելուց հետո Աբդուլաեւը չորս միավորանոց հնարքով հաշիվը դարձրեց 6:3:
Երկրորդ մրցափուլում Աբդուլաեւը հարմար բռնվածքով երկու գլորումներով հաշիվը դարձրեց 10:3: Արսեն Հարությունյանը պատասխան գրոհում գցեց եւ գլորեց մրցակցին: Հաշիվը դարձավ 10:7՝ Աբդուլաեւի առավելությամբ:
Ուզբեկ ըմբիշի անկյունը բողոքարկեց, մրցավարները բավարարեցին եւ Արսեն Հարությունյանի հաշվից երկու միավոր հանեցին:
Մինչեւ գոտեմարտի ավարտն ուզբեկ ըմբիշը եւս երկու միավոր վաստակեց: Գոտեմարտն ավարտվեց Աբդուլաեւի հաղթանակով՝ 12:5:
Մեկնարկային 1/8 եզրափակիչում Հարությունյանը 13:3 հաշվով հաղթել էր Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգին: