Վերջին օրերին Երևանը հայտնվել է աղբի մեջ։ Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է տեսնել կուտակված աղբ, որը օրեր շարունակ չի հավաքվում։ Ի՞նչն է պատճառը, ինչու՞ աղբահանություն իրականացնող մարմինը պատշաճ չի կատարում իր առջև դրված պարտականությունը։ Այս և այլ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով Armday.am–ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե ՞րն է պատճառը, որ վերջին շրջանում աղբահանությունը կատարվում է շատ վատ։ Արդյո՞ք վարորդների պակասն է, որ բերել է նշված խնդրին։ Այս հարցերի առնչությամբ քաղաքապետարանից հայտնել են, թե աղբահանության հետ կապված խնդիրները պայմանավորված են եղել աղբատար մեքենաների քանակի, ինչպես նաեւ աղբատար մեքենաների վարորդների ազատ հաստիքների հետ: Սույն թվականի հուլիսի 22-ից «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքայի հիմնարկի ավտոպարկը համալրվել է 8 նոր 18.5 մ/խ «KaMaz» մակնիշի աղբատար մեքենաներով, որոնք նպաստել են մայրաքաղաքի աղբահանության պատշաճ իրականացմանը:
Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե այս պահին քանի՞ վարորդ է աշխատում աղբահանության և սանմաքրման հիմնարկում, քաղաքապետարանից հայտնել են, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում 06.08.2024թ.-ի դրությամբ աշխատում է 160 վարորդ։ Նրանցից քանի՞սն են աղբատար մեքենայի վարորդներ և քանի՞ մեքենա ունեք այս պահին, որոնք չեք կարողանում շահագործվել վարորդների բացակայության պատճառով, հարցին ի պատասխան կառույցից հայտնել են․ «Աղբահանության բաժնում՝ • 105 աղբատարի մեքենաների վարորդ Սանմաքրման բաժնում՝ • Բեռնատարի 3 վարորդ • Բազմաֆունկցիոնալ մեքենայի 52 վարորդ Այս պահի դրությամբ աղբահանության բաժնում առկա է 30 աղբատար մեքենաների վարորդների թափուր հաստիք»։
Ամիսներ առաջ ավագանու համապատասխան որոշմամբ տնտեսվարողները կարող են աղբահանության և սահմաքրման հիմնարկի հետ կնքել պայմանագիր, որով աղբի տեղափոխումը կիրականացվի համայնքայի հիմնարկի կողմից։ Կարո՞ղ եք նշել թե օգոստոսի 1-ի դրությամբ քանի տնտեսվարող է պայմանագիր կնքել և ընդհանուր թվով քանի աղբարկղ է վարձակալությամբ տրվել տնտեսվարողներին։
Օգոստոսի 1-ի դրությամբ տնտեսվարողների հետ դեռեւս կնքված պայմանագրեր չկան, միաժամանակ հայտնում ենք, որ բոլոր տնտեսվարող օբյեկտներին ներկայացվել է ծանուցումներ, դիմումների օրինակններ եւ իրականացվում է դիմումների հավաքագրում, որից հետո կտրվի համապատասխան ընթացք։