Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը հաղթեց ծանր գոտեմարտում եւ քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)


Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը հաղթեց ծանր գոտեմարտում եւ քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)
Օգոստոս 7 14:47 2024

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին պայքարի մեջ մտավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը:

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիրը 67 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում ծանր գոտեմարտում 3:2 հաշվով հաղթեց Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին:

Առաջին մրցափուլի մեկնարկում Սլավիկ Գալստյանը պարտերում աշխատելու հնարավորություն ստացավ եւ իրար հաջորդող գլորումներով հաշիվը դարձրեց 7:0: Եւս երկու միավոր վաստակելուց հետո, երբ արդեն պետք է կանգնեցվեր գոտեմարտը Սլավիկի հաղթանակով, Էկվադորի ներկայացուցիչի մարզիչը բողոքարկեց: Մրցավարները բավարարեցին եւ Սլավիկ Գալստյանի հաշվից 8 միավոր հանեցին: 1:0 հաշվից հետո Սլավիկ Գալստյանը երկու միավոր վաստակեց: Մրցակիցները գնացին հանգստի 3:1 հաշվով:

Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը հայ ըմբիշին պասիվություն տվեց, բայց մրցակիցը չկարողացավ հնարք կատարել: Մինչեւ գոտեմարտի ավարտը աշխարհի բրոնզե մեդալակիրը թույլ չտվեց մրցակցին առաջ անցնել հաշվի մեջ:

Սլավիկ Գալստյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Տեսանյութն՝ այստեղ