Եվրասիական զարգացման բանկը 2 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ հանրային հատվածում ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացման համար։ ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց հրամանագրի նախագիծը ներկայացնել ՀՀ նախագահի ստորագրմանը:
Համաձայնագրի հիմնավորման մեջ նշվում է, որ դրանով նախատեսված ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից ստանալ դրամաշնորհ՝ ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների համախմբման մեթոդաբանության և գործիքակազմի մշակման, ՀՀ առողջապահության նախարարության և նրան ենթակա ՊՈԱԿ-ների համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման նպատակով համապատասխան ծրագրային ապահովման մշակման (ձեռքբերման), ինչպես նաև այդ հաշվետվությունները պատրաստող մասնագետների համապարփակ ուսուցման կազմակերպման միջոցով։